Հասարակությանը բլեֆներով կերակրել չի լինի
АналитикаԻշխանություններն առայժմ ձեռնպահ են մնում հրապարակավ հանդես գալուց, ինչն ավելի է վրդովվում հասարակությանը: Մի մասի կարծիքով` իշխանությունները լռում են, քանի որ իրականում ասելիք չունեն և ինչ էլ ասեն, ավելի կսրեն առանց այն էլ լարված իրավիճակը:
Ապրիլյան պատերազմից հետո մարդիկ իշխանություններից կոնկրետ քայլեր էին սպասում, որոնք լոկ սահմանափակվեցին մի քանի միջին տրամաչափի չինովնիկների պաշտոնանկությամբ: Բայց թե դրանք որքանով փոխեցին իշխանությունների մոտեցումները պետական միջոցների փոշիացման դեմ պայքարելու՝ չարաշահումներ թույլ տված չինովնիկների ունեցվածքը բռնագրավելու, թալանված բյուջեն լցնելու և այլ հարցում, այդպես էլ պարզ չդարձավ: Սա, անշուշտ, չէր կարող բողոքի ու հիասթափության նոր ալիք չառաջացնել, բայց դրան էլ լուրջ չվերաբերվեցին իշխանությունները` կարծելով, թե հետագայում նույնպես կկարողանան թոզ փչել ժողովրդի աչքերին ու առաջ անցնել:
Ապրիլյան պատերազմից հետո իշխանությունները հայտարարեցին, թե 100 միլիարդ դրամ հարկ են հավաքել: Հետո նույն ոգևորությամբ հայտարարեցին, թե այդ թիվը սխալ է եղել, քանի որ մի քանի ընկերություն երեք զրոյով ավելի թվեր է ներկայացրել: Այսինքն` ստացվում է, որ մի քանի զրո ավելը կամ պակասը իշխանությունների համար այնքան չնչին բան է, որ հետագայում նույնիսկ հարկ չեղավ այդ «սխալի» մասին բացատրություններ տալ հասարակությանը: Եվ այդպես էլ պարզ չդարձավ, թե դրանք որ ընկերություններն են եղել, որ կարող են հանգիստ խղճով իրենց թույլ տալ «սխալվել»:
Ու դա այն դեպքում, երբ սովորական ձեռներեցը, եթե հանկարծ հանդգնի և նույնիսկ 1000 դրամով սխալ հարկային հաշվետվություն ներկայացնի, այնքան տույժ ու տուգանք կգանձեն, որ տվյալ տնտեսվարողը երկար ժամանակ չի կարող ուշքի գալ: Բայց, արի ու տես, որ զարմանալիորեն մի քանի զրոյի «սխալները» հանգիստ ներվում են յուրայիններին:
Իշխանությունների նման գործելաոճն իրոք հոգնեցրել է հասարակությունը: Նրանք հաշվի չեն առնում նաև, որ մի բուռ Հայաստանում բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն ու լավ հասկանում են, թե ինչու սովորական մահկանացուին չի հաջողվում սեփական երկրում գործող օրենքների և այլ երևույթների պատճառով իր բիզնեսը զարգացնել, իսկ օրինակ՝ բարձրաստիճան պաշտոնյային կամ նրա որդուն, մերձավորին, որպես կանոն, դա հաջողվում է:
Անշուշտ այս շիլաշփոթը չէր ստեղծվի, եթե Հայաստանում երկար տարիների ընթացքում արմատացած չլինեին «մեր դեմ խաղ չկա» կամ «ինչքան ուզեմ, այնքան կխփեմ» արտահայտություններից բխող գործողությունները: Անշուշտ, միամտություն կլինի կարծելը, թե իշխանական օղակներում ծվարած հրեշները մեկ օրում կամ միայն այս նախագահի օրոք են այդքան «թփռոշացել», որ կարող են նույնիսկ իրենց թույլ տալ նույն այդ իշխանություններին մանիպուլյացիայի ենթարկելով` անել ինչ ուզում են:
Բայց ժամանակն է բաց տեքստով խոսել այդ ամենի մասին, ոչ թե բլեֆ անել ժողովրդի հետ: Ժողովուրդը 25 տարի է, բլեֆից բացի, ուրիշ ոչինչ չի տեսել և արդեն դանակը հասել է ոսկորին և այն աստիճանի է հավատը կորցրել իշխանությունների հանդեպ, որ նույնիսկ իշխանության կողմից տրամադրած ձայնագրություններին, այսինքն՝ սեփական ականջներով լսածին չի հավատում: Սա ողբերգություն է, որը հղի է հեռուն գնացող հետևանքներով: Ի դեպ, իշխանությունների ստերից ոգևորված` ստում են նաև ընդդիմադիրները: Բայց, զարմանալիորեն, նրանց սուտը հալած յուղի տեղ է ընդունվում: Իսկ գիտե՞ք` ինչու: Որովհետև հիասթափված ու հուսախաբված հասարակությունն այլևս չի հավատում, որ իշխանություններն իրենց քեֆերը կթողնեն ու մարդկանց մատից մի փուշ կհանեն:
Սա հարիր չէ ազգային պետությանը, քանի որ կարելի էր երկիրը ոչ թե հարուստների ու աղքատների կամ յուրայինների ու հակառակորդների միջև բաժանել, այլ ղեկավարել մեկ ընտանիքի սկզբունքով: Այդ դեպքում և՛ գայլերը կուշտ կլինեին, և՛ ոչխարները՝ ապահով: Այնուամենայնիվ, ընդգծենք, որ ապրիլից մինչ օրս «գնդակը» շարունակում է իշխանությունների դաշտում մնալ, իսկ իշխանությունները համառորեն լռում են …
Արմինե Գրիգորյան