Վրաստանը հերքել է Հայաստանի տարածքով իրանական գազի «փորձնական արտահանման» մասին լուրերը
ЭкономикаՎրաստանը հերքել է Հայաստանի տարածքով իրանական գազի «փորձնական արտահանման» մասին համաձայնագրի կնքման մասին լուրերը։ Այս մասին ասել է Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլին, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»–ն։
«Մենք՝ որպես պետություն, Ադրբեջանի հետ կնքած պայմանագրից հետո սոցիալական սեգմենտին գազով ապահովելու խնդիր չունենք։ Այնպես որ պետությունն այս փուլում բանակցություններ չի վարում։ Եթե բանակցում է մասնավոր անձը, ապա նա պետք է ներկայացնի պայմանագիրը, հակառակ դեպքում այդ գազը չի կարող մտնել մեր ցանց։ Սակայն մենք նման տեղեկություն չունենք»,– ասել է Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը։
Գերատեսչությունից հաստատել են, որ նախկինում իրոք բանակցություններ են վարվել Իրանի հետ գազի լրացուցիչ ծավալների մատակարարման մասին։ Վալիշվիլիի խոսքով՝ համաձայնության չէին եկել, քանի որ իրանական կողի առաջարկած գազի գինը ռուսական եւ ադրբեջանական գազի գնից բարձր է եղել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանի հետ հանդիպման ավարտին ասել էր, որ Իրանը համաձայնագիր է կնքել Հայաստանի տարածքով Վրաստան «փորձնական գազ» արտահանելու մասին։