Մեզնից յուրաքանչյուրը, երբ և որտեղ էլ որ հանդիպի իր ուսուցչին, միշտ խորին հարգանքի զգացումով է մոտենում նրան. Բակո Սահակյան
Ուսուցչի օրվա առթիվ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հղել է շնորհավորական ուղերձ: Ուղերձում ասված է.
«Սիրելի ուսուցիչներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Դուք կրթում ու դաստիարակում եք մեր հանրապետության ապագա քաղաքացիներին, գիտելիքների հետ միասին նրանց տալիս կյանքի առաջին դասերը, և հենց դրանից է նաև մեծապես կախված, թե ինչպիսին կլինի մեր հայրենիքի ու ժողովրդի ապագան: Դրանով իսկ դուք ձեր արժանի ավանդն եք բերում Արցախի անկախ պետականության կերտման, նրա զարգացման ու զորացման գործին:
Մենք քաջ գիտակցում ենք, թե ինչպիսի բարդ ու պատասխանատու աշխատանք եք իրականացնում դուք, բայց և միաժամանակ անչափ շնորհակալ աշխատանք: Մեզնից յուրաքանչյուրը, երբ և որտեղ էլ որ հանդիպի իր ուսուցչին, միշտ խորին հարգանքի զգացումով է մոտենում նրան, ցանկանում թեկուզ փոքր ինչ օգտակար լինել, փոխանցել նրան այն ջերմությունն ու հոգատարությունը, որ ստացել է տարիներ առաջ: Դա դարերից եկած վերաբերմունք է, որ մեր ժողովուրդը միշտ ունեցել է ուսուցչի մասնագիտության հանդեպ: Կրթված ու զարգացած սերունդ ունենալը ժամանակի պահանջ է և մեր առաջնահերթ խնդիրներից մեկը: Այդ իսկ պատճառով պետությունը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում կրթության ու գիտության ոլորտը:
Թանկագին բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ուսուցչի օրվա առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք' ձեզ և ձեր ընտանիքներին»: