Պավել Մանուկյանն ու Արամ Մանուկյանը պետք է տեղափոխվեն քաղաքացիական հիվանդանոց. պաշտպան
ОбществоԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել Մանուկյանի եւ նրա որդի Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտնեց, որ իր պաշտպանյալների նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն առաջիկայում կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում:
«Առանձնապես լուրջ սպասելիքներ չունեմ բողոքարկումից, սակայն դատարանի որոշումները մենք գնահատում ենք ոչ օրինական, քանի որ դատարանն իր որոշման պատճառաբանական մասում նշում է, որ իմ պաշտպանյալները կարող են խուսափել, խոչընդոտել գործի քննությանը կամ փախուստի դիմել»,- ասաց նա:
Ըստ փաստաբանի` իր պաշտպանյալների հետ կապված ընթացիկ գործողություններն ակնհայտ անտրամաբանական են, այն դեպքում, երբ Պավել Մանուկյանին երեկ պատգարակի վրա դատարան են տեղափոխել, ապա նույն կերպ` հիվանդանոց, իսկ դատական նիստին մասնակցել են նաեւ բժիշկներ, որպեսզի նրա հետ որեւէ բան տեղի չունենա եւ նման պայմաններում խոսել այն մասին, որ նա կարող է խուսափել, խոչընդոտել կամ փախուստի դիմել, աբսուրդ է:
Կալանքի սանկցիայից հետո Պավել Մանուկյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Պաշտպանի խոսքով՝ Պավել Մանուկյանն ունի հրատապ վիրահատությունների կարիք, որդին՝ նույնպես:
Ինեսսա Պետրոսյանը նաեւ պնդում է, որ իր պաշտպանյալները երկուսն էլ պետք է տեղափոխվեն քաղաքացիական հիվանդանոց, որտեղ կշարունակեն իրենց բուժումը, միեւնույն ժամանակ, պաշտպանը նշեց, որ Պավել Մանուկյանը ՊՊԾ-ը գնդից դուրս գալուց հետո գտնվում է հացադուլի մեջ: