Այսքանից հետո էլ ո՞ւմ են պետք ձեր` անցյալից քաղած դասերը
АналитикаՀիմա արդեն, երբ հասարակությանը սպառնացող իրական վտանգները մնացին անցյալում, ժամանակն է խոսել դրանց պատճառների մասին: Իշխանությունները կամ տարիներ ի վեր բյուջեն մսխողներն այս ընթացքում իրենց հարցրե՞լ են արդյոք, թե ինչու պետք է հերոսի մայրը սոցիալական նպաստի հույսով այսքան տարի ապրեր: Ո՞նց կարող է կինը երկրին հինգ զինվոր տալ ու հետո պետության տված կոպեկների հույսին մնալ:
Ասելիքս ամենևին էլ այն մասին չէ, որ իրականում այդ «նպաստ» ասվածն էլ եղած-չեղած մեկ է, քանի որ իրականում «կոպեկի» արժեք ունի, այլ երևույթի, որն ուղղակի անտանելի է: Հարց է ծագում, թե նախկին ազատամարտիկի երբեմնի մարտական ընկերները, ովքեր այսօր դղյակներում են ապրում և լիուլի կարողանում են վայելել կյանքի բոլոր բարիքները, երբևէ մտածե՞լ են, թե ինչ վիճակում են ապրում իրենց նախկին մարտական ընկերների ընտանիքները:
Ամո´թ մեր ազգին ու այն վայ իշխանավորներին, ովքեր բորենիների նման հարձակվել են երկրի վրա ու երկիրը մեջ-մեջ անելով այնքան են զբաղված, որ մոռացել են, թե ինչ է պատիվը: Ապրիլյան պատերազմի օրերին էլ պարզ դարձավ, թե ինչ ֆինանսական վիճակում են գտնվում այդ օրերին հերոսացած մեր զինվորների ընտանիքներն ու մայրերը:
Հիմա կասեք, թե բոլորն էլ վատ են ապրում: Այո´, բայց չէ՞ որ մարդիկ վատ են ապրում, որովհետև մի քանի հոգի այդպես են ուզում: Վատ են ապրում, որովհետև իշխանավորները չեն հարգում ո´չ իրենց հայրենիքը, ո´չ այդ հայրենիքի հերոս զինվորին, ո´չ էլ նրանց մայրերին և առանձնապես էլ տարբերություն չեն դնում հերոսի մոր ու իր փեշի տակ պահած-մեծացրած տղաների մոր միջև:
Հիմա արդեն պարզ է, չէ՞, որ պատմության դասերը պետք է ժամանակին սովորել, ոչ թե ողբերգությունների ժամանակ դրանք արագ «թերթել», քննությունից կտրվել ու հետո դրանք մոռացության տալ: Հիմա մեր երկրի փողատերերից ու «հաջողակ գործարարներից» ո՞ւմ է պատիվ բերում, որ արցախյան ազատամարտի հերոսներն ու նրանց ընտանիքները, ովքեր փրկել են մեր ողջ ազգի պատիվը, չեն կարողանում իրենց պատիվը փրկել ու սրբությունը համարվող մոր արժանապատիվ ու ապահով ծերությունն ապահովել:
Տաղտկալի է մտածելն անգամ, թե ինչ խղճով են այդ հարուստներն իրենց գլուխները բարձին դնում ու հանգիստ քնում, երբ իրենց հայրենակից հերոսների ծնողները օրվա հացի կարոտ ողջ ամիս սպասում են այդ «նպաստ» կոչվածին: Ի դեպ. առյուծածին մայրերն այնքան էլ շատ չեն ու գուցե ցավոք շատերն արդեն չկան, բայց արժանապատվություն է պետք ունենալ ու մի քիչ էլ մարդ լինել:
Այսքանից հետո ո՞ւմ են պետք ձեր` անցյալից քաղած դասերը: Դասերը պետք էր ժամանակին սովորել: Եվ եթե ժամանակին դասերը սովորած և մի քիչ էլ ախորժակը կարգավորած լինեին մեր իշխանավորները, այսօր ո´չ իրենք, ո´չ ժողովուրդը և ո´չ էլ պետությունը նման ծայրահեղ վիճակում երբեք չէին հայտնվի:
Արմինե Գրիգորյան