Հուլիսի 29-ի՝ լույս 30-ի գիշերվա դեպքերը մեր ամենաէական բացթողումն էին այս օրերի ընթացքում. ՀՀ նախագահ
ОбществоԵրևանում հուլիսի 29-ի՝ լույս 30-ի գիշերվա դեպքերը մեր ամենաէական բացթողումն էին այս օրերի ընթացքում:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այս մասին հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հասարակության, իշխանությունների և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Ես շնորհակալ եմ մեր լրագրողներին իրենց անմնացորդ աշխատանքի համար և անարյուն հանգուցալուծմանը նպաստելու համար: Ես նաև ներողություն եմ խնդրում մեր լրագրողներից հուլիսի 29-ի՝ լույս 30-ի գիշերվա դեպքերի համար. սա մեր ամենաէական բացթողումն էր այս օրերի ընթացքում: Բոլոր հետևություններն, անշուշտ, արվելու են: Ձեր ներողամտությունը հայցելով՝ միայն լրագրողներին, բայց ոչ իրավապահներին, խնդրում եմ մոռանալ այդ դեպքերի մասին, քանի որ իրոք վստահ եմ, որ այլևս նման բան չի կրկնվելու, և նաև ուզում եմ, որ այդ դեպքերն այսուհետ անգամ ենթագիտակցական որևէ ազդեցություն չունենան ձեր ազատ գործելաոճի վրա»,-ասել է Նախագահը:
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև այս օրերին հնչող քննադատություններին:
«Խոսքս, իհարկե, ընդգծված ահաբեկչական ձեռագրով գործող, իրենց մտադրությունները հայրենասիրական և սոցիալական արդարության կոչերի ներքո թաքցնող զինյալների մասին չէ, խոսքս մեր ժողովրդի մի հատվածի մտահոգությունների մասին է:
Այո՛, Հայաստանի իշխանությունները կատարյալ չեն: Այո՛, Հայաստանում շատ թերի հարցեր և բարդ խնդիրներ կան: Մեր նպատակը դրանց լուծումներն արագացնելն է: Այս փուլում մեր նպատակը նաև ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո: Սահմանադրական բարեփոխումները հենց դրա մասին էին, հենց այդպիսի իշխանություն ձևավորելու հիմքն է դրվել այդ բարեփոխումներով: Ազգային համաձայնության կառավարությունն իրեն չգտած ինչ-որ մեկի՝ դեպի աթոռ սողոսկելու մասին չէ, այն քաղաքական պատասխանատվության հնարավորինս լայն տեղաբաշխման և կիսելու մասին է, ինչի ինստիտուցիոնալ ողջ հենքը մենք արդեն ապահովել ենք:
Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն: Մենք այդ ճանապարհով ենք գնում, և այդ ճանապարհը քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների դերակատարման մասին է: Կրկնում եմ՝ քաղաքական գործիչների, այլ ոչ թե զենքով ահաբեկչության գնացողների և նրանց սատարողների: Փա՛ռք Աստծո, պետություն և երկիր կառուցելու արժեհամակարգը կիսող քաղաքական գործիչների պակաս, ինչպես տեսաք, մենք այսօր չունենք: Այդպիսիք շատ են քաղաքական բոլոր հոսանքներում: Եվ դա մեր երկրի հարստությունն է»,- հավելել է Նախագահը: