Ամառային դպրոցի սաները ստացան իրենց հավաստագրերը
КультураՀայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ Ամառային դպրոցի սաների հավաստագրերի հանձման արարողությունը:«Հայ ժողովուրդը դարերից եկած մեծ մշակութային ժառանգություն է թողել աշխարհին: Անհրաժեշտ է հպարտանալ դրանով: Այս 2 ամսվա ընթացքում ստացած գիտելիքները երեխաներին հետագայում շատ կօգնեն տարբեր մասնագիտությո ւններ ընտրելիս: Ազգային պատկերասրահում ցանկանում ենք ունենալ մանկական թանգարանային գեղագիտական կենտրոն, որտեղ սիստեմատիկ լուրջ աշխատանքներ կիրականացվեն երեխաների մշակութային գիտելիքները բարձրացնելու համար»,- նշեցՀայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:
Այս ծրագիրն իրականացվում է Հայաստանի ազգային պատկերասրահի, Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի համատեղ ուժերով:
Ամառային դպրոցի նպատակը նախադպրոցական երեխաներին հայ մշակույթին ծանոթացնելը, նրանց ստեղծագործական միտքը զարգացնելը, երաժշտության, գրականության նկատմամբ հետաքրքրություն և սեր առաջացնելն է:
«Հայ մշակույթը, գրականությունը պատկառանքի են արժանի: Երեխաները մեզ մոտ ծանոթացան հայ կերպարվեստին, գրականությանը, թատերարվեստին, կինոարվեստին և երաժշտարվեստին: Կարծում եմ՝ այս հավաստագրերը նրանց կյանքում շատ կարևոր դեր կխաղան»,-նշեց գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:
Ամառային դպրոցի հավաստագիր ստացան 6-8, 9-11 տարեկան 40 երեխա: Դպրոցը գործունեություն է իրականացնում 2015 թվականից:
Գրականության և արվեստի թանգարանի գիտքարտուղար Մարինե Հարոյանի խոսքով, իրենք նման կրթական ծրագրեր են իրականացնում նաև Գյումրիում, Վանաձորում և այլ մարզերում: