Հայաստանը ստեղծում է պետական ընկերություն, որն Իրանից գազ կարտահանի այլ երկրներ
ЭкономикаՀՀ կառավարության որոշմամբ` ստեղծվում է «Էներգաիմպեքս» 100 տոկոս բաժնեմասով պետական ընկերություն, որը հնարավորություն կունենա Իրանից գնել, ներմուծել և արտահանել գազ:
«Որոշումը պայմանավորված է նրանով, որ ներկայում ՀՀ-ում չկա որևէ կառույց, որը կունենա իրավունք այլ երկրներից, մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետությունից գնել, ներկրել և որպես տարանցիկ երկիր արտահանել էլեկտրաէներգիա և գազ: Կառավարության այս որոշմամբ նախատեսված ընկերության ստեղծումը կփակի այդ բացը, և մենք երկրում կունենանք կառույց, որն այդ իրավունքները կունենա և կիրականացնի»,- կառավարության նիստում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը :
Հիմնավորման համաձայն՝ ընկերության ստեղծումը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը:
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում իրականացվում է գազի և էլեկտրաէներգիայի փոխանակում: