Սեւանա լիճը հանգստյան օրերին պաշարում են նաեւ սիրողական ձկնորսները
ОбществоԱմռանը Սեւանա լճի ափերը գրավիչ են ոչ միայն հանգստացողների եւ զբոսաշրջիկների, այլ նաեւ սիրողական ձկնորսների համար, ովքեր, մայիսի վերջերից սկսած, ձուկ են որսում Սեւանա լճի ափամերձ տարբեր հատվածներում:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղում տեղեկացավ սիրողական ձկնորսությամբ զբաղվող անձանցից՝ Սեւանի ափին սիրողական ձկնորսության են գալիս հիմնականում մայրաքաղաքից, մասնակիորեն՝ Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերից:Սիրողական ձկնորսներով Սեւանի ափերն առավել մարդաշատ են շաբաթ եւ կիրակի օրերին, երբեմն՝ աշխատանքային օրերի տարբեր ժամերի ընթացքում: Որսվող հիմնական ձկնատեսակներն են կարասը, կողակը, բեղլուն, հատուկենտ՝ ծածանը:Որսի քանակը եւ տեսականին կապված են օրվա հաջողությունների հետ.»Օր կա, մինչեւ 40, 50, 100 ձուկ է ընկնում կարթը, օր էլ կա՝ մի քանի հատ կամ ոչ մի հատ, ձեռնունայն ենք վերադառնում: Բայց ավելի շատ են հաջողակ, քան թե անհաջողակ օրերը: Որսված ձուկը հիմնականում ընտանիքիս համար սնունդ է ծառայում: Ավելացած մասն էլ նվիրում եմ ընկերներիս, բարեկամներիս: Ինձ համար էականը ոչ թե որսի քանակությունն է, այլ այն հաճույքը, որ ես ստանում եմ ձկնորսությունից:
Սիրողական որսով զբաղվում եմ շաբաթվա 5-6 օրերին, Հայաստանի եւ Արցախի տարբեր վայրերում, բայց շաբաթվա 1 օրը պարտադիր լինում եմ Սեւանա լճի ափին, Լճաշենի տարածքի եղեգնուտների տարածքում: 40 տարի է, ինչ իմ կյանքը չեմ պատկերացնում առանց ձկնորսության, նույնիսկ ժամանակին Գիլի լճում եմ որս արել, որսված իշխանի համար էլ տուգանվել»,-»Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երեւան քաղաքի բնակիչ, մասնագիտությամբ սանտեխնիկ Սուրիկ Գրիգորյանը:Սիրողական ձկնորսությամբ էր զբաղված նաեւ մայրաքաղաքի մեկ այլ բնակիչ՝ զինվորական Արսեն Հովեյանը, ով գտնվում էր արձակուրդում: «Ձկնորսության եմ եկել զինվոր որդուս հետ, ով այս օրերին նույնպես գտնվում է արձակուրդում: Մոտ 20 տարի զբաղվում եմ ձկնորսությամբ:Առավել շատ սիրում եմ կարմրախայտի որսը, որը լինում է միայն գետերում: Հաճախակի լինում եմ նաեւ Սեւանի ափին: Սա այնպիսի զբաղմունք է, այնպիսի հիանալի ժամանց ու անկրկնելի հաճույք, որ կյանքդ առանց դրա այլեւս չես պատկերացնում, եթե մի անգամ հոգեկան բավարարվածություն ես ապրում»,-ներկայացրեց Արսեն Հովեյանը:
Խոսրով Խլղաթյան