Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի երիտասարդները տոն են պարգևել համագյուղացի փոքրիկներին
ОбществоԴրոշակներով զարդարված փողոցներ, ազգային երգ ու պար, մի խումբ մանուկներ, թեժ մրցակցություն ու անկեղծ ժպիտներ, ահա այսպիսի տոն են նվիրել Տավուշի մարզի սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի երիտասարդները դպրոցահասակ երեխաներին։«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մայրաքաղաք Երևանից շուրջ 200 կմ հեռավորության վրա՝ ադրբեջանական կողմի մշտական կրակահերթեր ի թիրախում գտնվող գյուղում չորսօրյա ամառային ճամբար կազմակերպելու միտքը հենց տեղի երիտասարդներինն է, ովքեր ուսանում են մայրաքաղաքի տարբեր բուհերում, սակայն ամառային հանգիստն անցկացնում են հայրենի գյուղում։ «Մեր փոքրիկներն, ապրելով այսքան հեռու, այսքան խնդիրների մեջ, պետք է զգան, որ մոռացված չեն։ Առաջին հերթին ցանկանում ենք որոշ չափով ակտիվացնել նրանց, ծանոթացնել մեր գյուղի պատմությանը, ազգագրական երգին ու պարին, հնարավորություն տալ նրանց արտահայտել իրենց մտքերը և ունակությունները։ Ինչպես նաև կազմակերպվում են տարբեր մրցութային խաղեր»,֊-պատմում է ճամբարի կազմակերպիչներից Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի 19-ամյա Լաուրա Ղազարյանը։

Ու թեև ճամբարային ծրագիրը նախատեսված է 5-9-րդ դասարանի երեխաների համար, սակայն գյուղում ոգևորությունն այնքան մեծ է, որ միջոցառումներին մասնակցում են նույնիսկ տարիքով ավելի մեծերը։
Քառօրյա միջոցառումների առաջին օրը երեխաները լսել են գյուղի հիմնադրման պատմությունը, ճանաչել գյուղի մեծերին, սովորել են երգել ազգագրական երգեր՝ «Արաբոյի երգը», «Գետաշեն», ազգագրական պար՝ «Էջմիածին», խաղացել են տարբեր խաղեր։ Ճամբարի երկրորդ օրը երեխաները կդիտեն «Գարեգին Նժդեհ» ֆիլմը, երրորդ օրը կմրցեն իրենց գիտելիքներով, իսկ չորրորդ օրը կկազմակերպվի փոքրիկ էքսկուրսիա դեպի գյուղի հին մատուռը։

Գյուղի կենտրոնում հավաքված մեծերը ոգևորությամբ դիտում են միջոցառումներն ու քաջալերում։ «Ապրեք երեխեք ջան, ապրեք, որ կազմակերպել ու ուրախացնում եք մեզ, ես էլ ջահել լինեի, վազվզեի...»,-ասում է գյուղի մեծերից Նարիման պապիկը։