Նոր օրինագծով բարձր լեռնային բնակավայրերը կստանան ավելի մեծ դոտացիաներ
ОбществоՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանում է ֆինանսական համահարթեցման հասկացությունը, սկզբունքները, համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների հաշվարկման և հատկացման կարգերը: ՀՀ տարածքայի ն կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ նախագծի գաղափարախոսության հիմքում դրված են սկզբունքներ, որոնք ոչ թե ուղղակիորեն համայնքներին գումար են հատկացնում` պայմանավորված բնակչության թվով, այլ այն գործառույթներով, որով համայնքն առաջնորդվում է իր տարածքում իրականացված գործառույթների շրջանակներում:
«Փոփոխության ամենակարևոր արդյունքը բարձր լեռնային շրջանների բնակավայրերին մեծ դոտացիաների տրամադրումն է: Այն բնակավայրերը, որոնք նախկին շրջկենտրոններ են, ավաններ են, կորցրել են իրենց հիմնական հզորությունները և չունեն բյուջետային մուտքեր, համապատասխան փոփոխության արդյունքում կարողանում են ստանալ ավելի մեծ դոտացիա»,-ասաց նախարարը՝ ավելացնելով, որ այս օրենքը մշակվել է շուրջ 8 տարի առաջ, շրջանառության մեջ չէր դրվում, քանի որ համապատասխան պայմանները թույլ չ էին տալիս:
Նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը: