Մնջախաղը ոչ թե համր, այլ լուռ թատրոն է. Յուրի Կոստանյան
КультураՄնջախաղի միջազգային փառատոնի շրջանակում վարպետության դաս անցկացրեց ռեժիսոր, դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ Յուրի Կոստանյանը:
«Մնջախաղում արգելքները, բարդությունները կարելի է հաղթահարել միայն կենդանի շփման միջոցով»,- նշեց դերասանը: Ռեժիսորը, Ենգիբարյանի հետ ծանոթանալուց հետո, խնդրել է նրան թույլ տալ իրեն մասնակցելու նրա փորձերին: Կոստանյանը նշում է, որ դրանք ֆանտաստիկ, աննկարագրելի պահեր էին և մեծ սեր արթնացրին դեպի մնջախաղը:
«Եթե դերասանը երևույթները խորությամբ չի ճանաչում, ապա նա իր գործի վարպետը չէ: Պատկերը ամբողջությամբ փոխվում է, երբ մարդը այս կամ այն երևույթը ուսումնասիրելուց հետո է կերտում տվյալ կերպարը»,-ասաց դերասանը: Կոստանյանի խոսքով՝պլաստիկ շարժումներ շատերը կարող են անել, սակայն գաղափարը շարժման միջոցով փոխանցելու համար տարիների աշխատանք է պետք: Լավ դերասանը աշխատում է օդի, շնչի, տարածության հետ:
Յուրի Կոստանյանը սովորել է աշխարհահռչակ մնջախաղաց Մոդրիս Թենիսոնսի մոտ: Երկար տարիներ աշխատել է որպես դերասան, այժմ դասավանդում է ԵԹԿՊԻ-ում: