Մնջախաղի հնգօրյակը փառավոր տոն է. Կարեն Քոչարյան
КультураԾաղկաձորում անցկացվող մնջախաղի փառատոնը միավորել է բազմաթիվ հետաքրքիր և հայտնի մարդկանց: «Արմենպրես»-ը զրուցեց նրանցից մեկի՝ դերասան, հաղորդավար Կարեն Քոչարյանի հետ:
- Երեք օր է` փառատոնի մասնակից եք: Ինչպե՞ս է տրամադրությունը:
-Հրաշալի տրամադրություն ունեմ, քանի որ փառատոնի շրջանակում ծանոթացել եմ բազմաթիվ հետաքրքիր մարդկանց հետ, և այս ամենը լրացվել է «Նորին գերազանցույթյուն» մնջախաղով: Մասնագիտությամբ դերասան եմ. երբ իմացա, որ մեր օրերում դրամատիկական կուրսերում մնջախաղ են դասավանդում, շատ ափսոսեցի, որ մեր ժամանակ նման հնարավորություն չի եղել: Կարծում եմ՝ մնջախաղն անհրաժեշտ է ցանկացած դերասանի:
-Մնջախաղը զարգացման հեռանկարներ ունի՞: Փառատոնը նպաստո՞ւմ է մնջախաղի մասսայականացմանը:
-Այս օրերին օտարազգի մասնագետների կարծիքներն էի լսում այդ մասին: Նրանցից շատերի կարծիքով մնջախաղն ապագա չունի: Ըստ իս՝ դասական մնջախաղը ոչ մի ժամանակաշրջանում չի մեռնի: Փառատոնն արվեստի այս ճյուղը զարգացնում է: Աս օրերին ինձ տպավորեց Իրանի ներկայացուցիչը. Փարաջանովյան մոտեցում ուներ, իսկ երիտասարդները չընկալեցին նրա ներկայացումը: Սակայն կան նաև հասկացող և գնահատող մարդիկ, հետևաբար մնջախաղը կապրի:
-Կա՞ն մնջախաղի վարպետներ, որոնց դուք առանձնահատուկ եք համարում:
-Իմ մանկության հեքիաթը Լեոնիդ Ենգբարյանն է, սիրում եմ Մարսել Մարսոյին: Հեռուստատեսությունում աշխատելիս միշտ անդրադարձել եմ Ենգիբարյանին: Միշտ նյութ, թեմա եղել է: Նա ծաղրածու չէր: Հիշում եմ՝ Կարպ Խաչվանկյանն ասաց, որ Ենգիբարյանը ծաղրածու չէ, այլ աշխարհահռչակ միմոս: Կրկեսում նա հսկայածավալ աշխատանք է կատարել՝ նոր ոճ է մցրել ծաղրածուական ժանրում, այն փիլիսոփայական է դարձրել:
-Համամի՞տ եք այն մտքի հետ, որ մնջախաղը էլիտար արվեստի տեսակ է:
-Արվեստը չի կարող պրիմիտիվ լինել: Իսկական արվեստը էլիտար է: 20-րդ դարը ոսկե դարաշրջան էր արվեստի համար: 20-րդ դարում մեր հայ մշակույթը հզոր դեմքեր է տվել: Մենք դեռ չունենք նման դեմքեր: Չեմ տեսնում երկրորդ Մհեր Մկրտչյան, Լեոնիդ Ենգիբարյան: Կարող եմ անվերջ շարունակել այս շարքը: Մեր օրերում կան լավ երիտասարդներ, սակայն նրանց աճի համար պայմաններ են անհրաժեշտ: Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը ստեղծում է այդ պայմանները: Փառատոնի մասնակիցները հարստացնում են միմյանց:
-Շնորհակալություն զրույցի համար:
Անժելա Համբարձումյան