Այս փառատոնը նվեր է մեր տարածաշրջանին. Հակոբ Ղազանչյանը՝ մնջախաղի մասին
КультураՄնջախաղի փառատոնը դրական աուրա է ստեղծում Ծաղկաձորում:
Փառատոնի, մնջախաղի մասին զրուցել ենք բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանի հետ:
-Արդեն հինգ տարի է՝ փառատոնի կողքին եք: Այս տարիների ընթացքում ի՞նչ փոփոխություններ եք նկատել:
-Փառատոնը զարգանում է: Կարծում եմ՝ սա շատ կարևոր հանգամանք է: Կան փառատոններ, որոնք տարեցտարի անհետաքրքիր, միապաղաղ են դառնում: Այս փառատոնը տարեցտարի ավելի ստեղծագործական, ռոմանտիկ ու դրական աուրա է ստեղծում: Հանդիսատեսը այս հինգ տարվա ընթացքում շատ է փոխվել: Հիշում եմ նախորդ փառատոնները: Հանդիսականի և մնջախաղացների միջև հետաքրքիր կապ է ստեղծվել: Այս ամենը խոսում է այն մասին, որ փառատոնը ճիշտ ուղու վրա է:
-Ըստ ձեզ՝ ճի՞շտ է ընտրված փառատոնի անցկացման վայրը:
-Թատերական գործիչների միության կարևորագույն նպատակը մարզերում թատերական կյանքը զարգացնելն է: Բայց նման փառատոնները շատ չեն: Բացօթյա ներկայացումներն ավելի դեմոկրատական են դարձնում այս փառատոնը: Սա Երևանից դուրս միակ ֆունդամենտալ հետաքրքիր փառատոնն է: Շատ կցանկանայի, որ մարզպետները, քաղաքապետները վարակվեին այս նախաձեռնությամբ և աջակցեին նման միջոցառումներին: Թատրոնը ունիկալ մշակույթ է, որը միավորում է մշակույթի մյուս տեսակները՝ գրականություն, պար, երաժշտություն և այլն: Այնտեղ, որտեղ զարգանում է թատերական կյանքը, այդտեղ զարգանո ւմ է մշակույթը: Կարծում եմ, որ երիտասարդները լքում են մարզերը ոչ այնքան սոցիալական պայմանների, որքան մշակութային իրադարձությունների պակասի պատճառով:
- Փառատոնին ներկա շատ մնջախաղացներ կարծում են, որ մնջախաղը հեռանկարներ չունի: Համամի՞տ եք այդ մտքի հետ:
-Ես այդ կարծիքին չեմ: Թատերական կյանքը, թատերական զարգացումները անկախ են պետական որոշումներից: Թատրոնի, մնջախաղի զարգացման գործում շատ կարևոր է անհատի դերը: «Խենթ» մարդիկ նպատակ են դնում իրենց առաջ և, հավատալով իրենց գաղափարների իրականացմանը, կարողանում են հասնել և՛ պետական, և՛ ոչ պետական աջակցության: Նման խելագարներ միշտ էլ կլինեն: Մարդը իր տեսակով թաքնված թատրոն Է: Սա անհատի արվեստ է: Փառատոնի ստեղծման իրավունքը անհատներինն է, իսկ եթե այդ ոլորտի մարդիկ նման բան են ասում, հավանաբար հոգնել են իրենց արվեստից: Եթե մարդը նպատակ է հետÕ �պնդում,հասնում է դրա իրականացմանը:
-Այս տարվա մասնակիցներից հատկապես ո՞վ է ձեզ դուր եկել:
- Շատ եմ հավանել Երևանի պետական մնջախաղի թատրոնի բեմադրությունները: Հիացել եմ Իրանի ներկայացուցիչների պրոֆեսիոնալիզմով: Շատ պարսկական ներկայացումներ եմ դիտել, բայց այս թատերախումբը ինձ չափազանց տպավորեց: Սյուժեն, լուծումը. թվում էր՝ հերոսները իրարից անկախ են գոյատևում, բայց վերջում ամեն ինչ մի օրգանիզմ էր դառնում: Հիանալի էր թվացյալ անկենդանությունը: Այսօր մնջախաղը «նյարդ» է, առանց որի հաջողության հնարավոր չէ հասնել: Ես զգացի այդ «նյարդը»:
-Շնորհակալություն զրույցի համար
Անժելա Համբարձումյան