Երևանցի արշավականները եռօրյա հանգիստն անցկացրել են Լոռու մարզում
ОбществоԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի և ենթակա կառույցների աշխատակիցները մարզաառողջարարական հետիոտնային-ճանաչողական արշավի էին մեկնել Լոռու մարզ: Քանի որ երթուղին ձգվում էր նշանավոր հերոսամարտերի վայրերին հարակից ճանապարհահատվածներով՝ արշավի մասնակիցները ծաղկեզամբյուղ են խոնարհել ու հարգանքի տուրք մատուցել Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողների մոտ, վերհիշել հայ ժողովրդի հերոսական այդ էջերի համառոտ պատմությունն ու պատմական նշանակությունը:
Արշավի մասնակիցների վրանային ավանը ձևավորվել է Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքին հարակից անտառագոտիներից մեկում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ արշավականների առօրյային ու հանգստի պայմաններին ավելի ուշ ծանոթացել են Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանը, աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը: Երևանցի արշավականների առօրյան արշավի բոլոր օրերի ընթացքում հագեցած է եղել խաղ-մրցույթներով, երաժշտական միջոցառումներով ու տարատեսակ վիկտորինաներով: Աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից կազմակերպվել է նաև հրաձգության մրցույթ: Ինչպես այդ, այնպես էլ առանձին անվանակարգերում հաղթողները պարգևատրվել են գավաթներով ու պատվոգրերով: