Ռուսական մշակույթի փառատոնն աշխուժացնելու է Հայաստանի մշակութային կյանքը
КультураՀայաստանում կանցկացվի Ռուսաստանի մշակույթի փառատոն, որը մեկնարկելու է օգոստոսի վերջին և կտևի մինչև տարեվերջ: Այս մասին հայտարարեց ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Ալլա Մանիլովան օգոստոսի 17-ին հրավիրված ասուլիսում:
«Օգոստոսի 20-ին Գյումրի քաղաքի «Պատվո բլուր» հուշահամալիրում կանցկացվի ռուս ռազմիկների հիշատակին նվիրված միջոցառում Սանկտ Պետերբուրգի «Դուխովենստվո» երգչախմբի մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա կլինեն Ռուսաստանի դեսպանը, Գյումրու քաղաքապետը և այլք: Երևանում ելույթ կունենա «Բիս Կվիտ» անսամբլը: Խմբի անդամները ռուսական ժողովրդական գործիքներ են նվագում»,- նշեց Ալլա Մանիլովան:
Միջոցառումների պաշտոնական մեկնարկը կտրվի սեպտեմբերի 3-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Բացմանը ելույթ կունենան Մարինյան թատրոնի մենակատարները՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, «Օտրադա» մանկական երգչախումբը: Սպասասրահում կգործի «Ռուսաստանի ոգին» խորագիրը կրող մանկական ցուցահանդեսը: Սեպտեմբերի 4-ին և 5 –ին մի շարք միջոցառումներ կանցկացվեն Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում: Սեպտեմբերի 6-ին կինոյի օր կհայտարարվի Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում:
Սեպտեմբերի 14-ից 16 -ը Երևանում, Գյումրիում, Աբովյանում կանցկացվի Ռուսական կինոյի շաբաթ: Կցուցադրվեն ռուսական լավագույն ֆիլմերը. կլինեն հետահայաց ցուցադրություններ:
«Ռուսական և հայկական մշակույթները պատմականորեն փոխկապակցված են: Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները միշտ կայուն են եղել և՛ տնտեսական, և՛ մշակութային, և՛ քաղաքական առումով: Կարծում եմ՝ մեր հարաբերությունները այս փառատոնի շրջանակում չեն ավարտվի: Կլինեն այլ համագործակցություններ: Հուսամ՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ապագայում էլ կայուն և խոստումնալից կլինեն»,- ասաց միջազգային մշակութային համագործակցության գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոն:
Ռուսաստանը նման նախագծեր է իրականացնում 2008թ-ից: 2016թ-ից մշակութային իրադարձություններ են անցկացվել Հունաստանում, Մակեդոնիայում, Ղրղըզստանում, Սլովենիայում, Ուզբեկստանում: Նախատեսվում են փառատոններ անցկացնել Բուլղարիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում: