«Ուսանողական ամառ 2016»-ի մասնակիցները վարչապետի հետ քննարկել են երիտասարդությանը հուզող խնդիրներ
ОбществоԴիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանում անցկացվող «Ուսանողական ամառ 2016» մարզամշակութային փառատոնին օգոստոսի 17-ին հյուրընկալվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ինչպես տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Դիլիջանում ՀՀ վարչապետը բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանի, ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանի և պրոռեկտոր Սևակ Խաչատրյանի հետ շրջել է մարզաառողջարանի տարածքում` ծանոթանալով ճամբարական առօրյային: Կառավարության ղեկավարը ողջունել է ճամբարականներին, եղել ճամբարի տնակներից մեկում, ծանոթացել պայմաններին և զրուցել ուսանողների հետ:
Հովիկ Աբրահամյանը ճամբարականների հետ հետևել է նաև վոլեյբոլի առաջնության եզրափակիչ խաղին, որում ուժերն էին չափում «Շահումյան» և «Քարվաճառ» ջոկատները: Հաղթող «Շահումյան» ջոկատը գավաթը ստացել է հանրապետության վարչապետից: Վոլեյբոլից հետո հերթը թենիսինն էր: Հովիկ Աբրահամյանը եղել է նաև հրաձգարանում, փորձել կրակելու իր հմտությունը` արժևորելով Հայաստանի և Արցախի աշխարհաքաղաքական արդի պայմաններում զենքին տիրապետելու կարևորությունը: Վարչապետը ճամբարականների հետ մասնակցել է տոնական խնջույքին, ուսանողները հնարավորություն են ունեցել մտերմիկ միջավայրում կառավարության ղեկավարին ուղղել բուհի, կրթական համակարգի ու երիտասարդության խնդիրների վերաբերյալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերը և ստանալ սպառիչ պատասխաններ: Իսկ երեկոն ավարտվել է ավանդական խարույկի շուրջ մտերմիկ զրույցով, որը տևել է մինչ ուշ գիշեր:
Փառատոնն անցկացվում է օգոստոսի 13-19-ը` ՀՊՏՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից: Փառատոնն ընթանում է «Մենք Արցախն ենք» խորագրով, որի ընթացքում Տնտեսագիտական համալսարանի 6 ֆակուլտետները ներկայացրել են Արցախի տարբեր շրջանները: Փառատոնի 6 մրցութային օրերի ընթացքում մասնակից ջոկատներն իրենց ուժերն են չափել մարզական և մշակութային տարբեր մրցույթներում` վոլեյբոլ, շախմատ, սեղանի թենիս, պարանի ձգում, երգ և պար: Առանձնահատուկ տեղ է հատկացված ռազմահայրենասիրական միջոցառումների իրականացմանը: Ուսանողները մասն ակցել են նաև հրաձգության մրցույթին, հաղթահարել անտառային արգելագոտին, ինչպես նաև կազմակերպվել են ճանաչողական երեկույթներ և ռազմահայրենասիրական այլ ծրագրեր, արշավներ դեպի պատմամշակութային տարբեր կոթողներ: