Երևանում բացվեց Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին նվիրված «Հիշողության ծիսակամուրջ» ցուցահանդեսը
КультураՀովհաննես Շարամբեյանի ժողովրդական ստեղծագործության կենտրոնում օգոստոսի 20-ին տեղի ունեցավ «Հիշողության ծիսակամուրջ» խորագրով գիտաժողով-ցուցահանդեսի բացումը, որը նվիրված է ժողովրդական արվեստի պահմպանման և զարգացման գործում մեծ ավանդ ունեցող նկարչի ծննդյան 90-ամյակին: «Հովհաննես Շարամբեյան մտածողը, անհատը, ստեղծագործողը, արվեստագետը չթողեց, որ լռությունն ու ժամանակը կրկին ցավի հումք դարձնեն մեր նախնիների ստեղծածը: Նա արեց այն, ինչը պետք է անեին ինստիտուտները, ակադեմիաները»,- Արմենպրեսի փոխանցմամբ՝ նշեց Շարամբեյանի կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը:
Ցուցահանդեսում ներկայացված էին նկարչի տարբեր տրամադրություններ փոխանցող յուրօրինակ գեղանկարչական աշխատանքները: Ներկա էին բազմաթիվ արվեստագետներ, նկարչի ընկերները, հարազատները և արվեստով հետաքրքրված մարդիկ:
Նկարչի թոռը՝ Նարեկ Աշուղաթոյանը, շեշտեց, որ իր պապը զգալի ժառանգություն է թողել հայ կերպարվեստի ոլորտում: Նա ասաց, որ ամեն անգամ պապի արխիվներն ուսումնասիրելիս իր համար նոր բացահայտումներ է անում:
Գիտաժողով-ցուցահանդեսի բացմանը ցուցադրվեց Հովհաննես Շարամբեյանի կյանքի և գործունեության մասին պատմող «Հրաշք Վանիկը» ֆիլմը: Ներկաները ջերմ ծափողջյուններով ընդունեցին այն:
«Նա նվիրված էր ազգային արվեստին, գտնում էր մարդկանց, որոնք դեռ պահպանել էին ազգայինը, սիրում էին ստեղծագործել: Շարամբեյանը խրախուսում էր նման մարդկանց և օգնում: Նա դրական մարդ էր, բարի, անկեղծ, և այդ ամենն արտահայտված է նրա նկարներում: Նրա անունը միշտ կմնա հայ կերպարվեստի լավագույն էջերում»,-ասաց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Արվեստաբան Եվգենիա Քալանթարյանի խոսքով՝ Շարամբեյանի մոտ բազմազան են նատյուրմորտները, բնապատկերները, քանի որ դրանցում բնությունն է, սերը, անկեղծությունը: Շարամբեյանը նաև ազգագրագետ էր և կարողացավ անդրադառնալ ազգային էթնիկ մշակույթի այնպիսի բնագավառների, որոնք անուշադրության էին մատնված:
Միջոցառման վերջում ներկայացվեց Շարամբեյանին նվիրված նորաբաց կայքէջը:
Հովհաննես Շարամբեյանը ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ է, բազմաթիվ կտավների հեղինակ՝ «Էջմիածնի հին տները», «Հեթանոսական տաճարի ավերակները», «Վանի կարպետ», «Դիլիջան» և այլն: 1947թ. Դիլիջանում հիմնել է նկարչական ստուդիա: Եղել է Դիլիջանում գտնվող Կուլտուրայի և արվեստի ժողովրդական համալսարանի ռեկտոր: 1979թ. հիմնադրել է Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանը: