Ադրբեջանը հայտնվել է իր կողմից լարած թակարդում
АналитикаԱդրբեջանի ագրեսիվ պահվածքը և նրանց կողմից կիրառվող հրազենի օր օրի աճող տրամաչափը միայն մեկ բանի մասին է հուշում, որ հակառակորդը «դժգոհ է» միջազգային հանրության կողմից իր հանդեպ ցուցաբերած վերաբերմունքից: Բայց հարց է ծագում, թե ինչքան պետք է Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն իրեն անդաստիարակ երեխայի նման պահի` մոռանալով, որ միջազգային հանրությունն իր պապան չէ, որ կոկորդիլոսի արցունքներով խաբվի և իր անհավանական ցանկությունը վայրկյանի տակ փորձի իրականացնել:
Ապրիլյան քառօրյա պատերազմը կարծես սթափեցրեց նաև թմբիրում գտնվող նույն «միջազգային հանրություն» ասվածի միտքը, քանի որ բոլորի համար էլ պարզ դարձավ, որ ԼՂՀ-ի համար որևէ «միջանկյալ» կարագավիճակ էլ գոյություն ունենալ չի կարող, որ Ադրբեջան կոչվող հողատարածքի ներկայիս տերերը ամենապարզ ահաբեկիչներն են, որ կարող են քնած մարդու գլուխը կացնով կտրել, հետո դրա համար մեդալով պարգևատրվել, հայ զինվորներին տանջամահ անել ու դրա ֆոնին արված սելֆիներով հպարտանալ և այլն:
Այսինքն` ահաբեկչություն ասվածի ողջ «ուժն ու հմայքը» սեփական մաշկի վրա զգացած եվրոպացիներն այսօր արդեն հստակ կարողացել են հասկանալ, թե ումից և ինչու են երկար տարիներ պաշտպանվել և այսօր էլ շարունակում պաշտպանվել հայերը և ադրբեջանական ոխակալ ու հայատյաց քարոզչությունն ինչքան վտանգավոր կարող է լինել ոչ միայն հայերի կյանքի, այլև ողջ տարածաշրջանի ցանկացած ազգի անվտանգության համար:
Կարող ենք փաստել, որ Ադրբեջանն իրականում ընկել է իր իսկ լարած թակարդը և այլևս չի կարողանում դրանից դուրս գալ ու որքան շատ է սահմանային հրադադարի ռեժիմը խախտում, այնքան ավելի է իր փոսը փորում: Դրանից գազազած, այլ ճար չունենալով` չի բացառվում, որ շատ շուտով նաև կխեղդվի իր իսկ կողմից ստեղծած ճահճում: Ու թեև մյուս կողմից Ալիև Կրտսերը ողջ աշխարհին փորձում է համոզել, որ իր երկիրն արագ զարգացող տնտեսություն ունի, բայց մոռանում է, որ տնտեսական հեռանկարներով ուրախանալուց առաջ պետք է կարողանա կայուն և հավասարակշռված գործընկերոջ համբավ ձեռք բերել, որը նման պայմաններում դժվար թե նրան հաջողվի:
Արմինե Գրիգորյան