Կառավարությունը սեպտեմբերի սկզբին կոռուպցիայի դեմ պայքարին միտված օրինագծեր կներկայացնի ԱԺ
ОбществоՀայաստանի կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում բավականին լուրջ աշխատանքներ է կատարել և շարունակում է իրականացնել:
«Բազե-2016» համահայկական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին:
«Մենք լուրջ աշխատանքներ ենք իրականացրել, և այդ աշխատանքները կառավարության անցած նիստի ընթացքում իմ խնդրանով մանրամասն ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարը: Աշխատանքները շարունակվում են, և առաջիկայում արդյունքները կերևան»,- նշեց Աբրահամյանը:
Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ մինչև սեպտեմբերի սկիզբ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում Ազգային ժողով կներկայացնի մի շարք օրենքի նախագծեր:
«Կարծում եմ, որ մինչև տարվա վերջ մենք կունենանք ընդունված օրենքներ, որոնք միտված են լինելու կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին»,- եզրափակեց վարչապետը: