ՀՀ վարչապետը Հայաստանի տնտեսության զարգացման արդյունավետ ճանապարհ է համարում խոշոր ներդրումների ներգրավումը
ЭкономикаՀայաստանի տնտեսության զարգացման արդյունավետ ճանապարհը խոշորածավալ ներդրումների ներգրավումն է: «Բազե-2016» համահայկական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարներին: ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ ճիշտ և արդյունավետ քայլերի իրականացման դեպքում երկրի տնտեսությունը զարգացման լուրջ ներուժ ունի:
«Հայաստանի տնտեսությունը շատ զգայուն է: Մենք չունենք նավթ, գազ, բնական ռեսուրսներ: Մեր տնտեսության զարգացման արդյունավետ ճանապարհը խոշորածավալ ներդրումների ներգրավումն է: Այդ ուղղությամբ մենք ակտիվ աշխատանքներ ենք տանում»,- նշեց վարչապետը:
Նա կարևորեց Ամուլսարի հանքավայրի շինարարության սկսումը՝ վստահեցնելով, որ այդ հանքավայրի շահագործումը էականորեն կակտիվացնի երկրի տնտեսությունը: «Սա իսկապես շատ կարևոր ծրագիր է մեզ համար: Այնտեղ 1200 մարդ է աշխատելու, և ես համոզված եմ, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը կակտիվացնի մեր տնտեսությունը, կստեղծվեն նոր աշխատատեղեր»,- ասաց վարչապետը:
Վարչապետը նաև հայտնեց, որ հայկական կողմը Չինաստանի հետ պայմանավորվածություն ունի Հայաստանում համատեղ պղնձաձուլարան հինելու վերաբերյալ:
«Մենք նաև պայմանավորվածություն ունենք Չինաստանում հայ-չինական կոնյակի գործարան հիմնել: Դա նշանակում է, որ մենք այստեղից Չինաստան կարտահանենք կոնյակի հումքը և այնտեղ տեղում հայկական կոնյակ կարտադրվի: Պատկերացրեք, թե որքան կարևոր ծրագիր է սա՝ հաշվի առնելով չինական ահռելի շուկան: Մենք վերջնականապես կլուծենք խաղողի մթերման հետ կապված խնդիրները»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ներդրումային ու հ եռանկարային այլ ծրագրեր ևս կառավարությունը քննարկում է: