Արմեն Գևորգյանի ընտանեկան խոշոր բիզնեսը՝ Չեխիայում. ինչո՞վ է զիջում Երևանը Պրահային
АналитикаՕրերս հանրության ուշադրության կիզակետում էր հայտնվել ՀՀ նախկին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, նորանշանակ ԱԽՔ Արմեն Գևորգյանը։ Պատճառն ամենևին էլ նրա լավ կամ վատ աշխատանքը չէր, այլ ընտանեկան, իսկ ավելի կոնկրետ «չեխական բիզնեսը»։ Պարզվում է` երիտասարդ պաշտոնյան, ով կարճ ժամանակում հասցրել է բավական ախորժելի պաշտոններ զբաղեցնել, զուգահեռ չի անտեսել նաև սեփական շահը։
Վերջինիս կինը, ով մասնագիտությամբ ակնաբույժ է, իսկ մենք լավ ենք պատկերացնում, թե անգամ ամենալավ մասնագետը որքան գումար Հայաստանում կարող է վաստակել, ստեղծել ու խոշոր ներդրումներ է կատարել OFTOMA , այնուհետ RUBENDYAN INVEST ՍՊԸ-ներում։
Բանն այն է, որ նրա ընտանեկան միլիոնանոց բիզնեսի մասին որևէ տեղ չի խոսվում։ Բիզնեսային սկանդալը պարզաբանելով` Գևորգյանը նշել է, թե իբր ընտանեկան բիզնեսի մասին տվյալներ չի գրանցել հայտարարագրում. «Ինքս անձամբ այդ նախագծերում ո´չ գույքի սեփականատեր եմ, ո´չ էլ որևէ կազմակերպության հիմնադիր և երբեք չեմ մասնակցել այդ նախագծերի կառավարմանը, այդ իսկ պատճառով այդ մասին տեղեկատվություն առկա չէ ո´չ իմ պաշտոնից հեռանալու, ո´չ էլ պետական համակարգ վերադարձի ժամանակ ներկայացված հայտարարագրերում»:
Այո, Գևորգյանն ինչպես և բազմաթիվ այլ պաշտոնյաներ, միամիտ չէ, որ այդչափ մեծ արժողությամբ գույք կամ սեփականություն գրանցի իր անունով, նա ամեն ինչ արել է ճիշտ հաշվարկով ու բավական ճկուն։ Պաշտոնյայի զսպվածությանն ու համեստությանը, ինչ խոսք, շատերը կնախանձեն: Չէ՞ որ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մի քանի միլիոն եվրո ունեցվածքի տեր մարդը կարողանում է բավական «հասարակ» ձևանալ։
Չէ, չկարծեք թե նախանձում ու չարախոսում ենք, ամենևին, մի կողմ ենք դնում մարդկային նախանձը, միլիոնների ու համեստության շքեղ համադրությունը, անգամ Քաղաքացիական օրենսգրքի 201 հոդվածը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է ...
Խոսում ենք մեկ այլ ու շատ ավելի կարևոր հարցի մասին. ինչո՞ւ երկրի համար սրտացավ պաշտոնյան, որն իր ստեղծած ամպլուայի մեջ ջանասեր է ու սեփական ժողովրդի համար մտածող, լինելով նախկին փոխվարչապետ, բիզնես ներդում է կատարում ոչ թե իր հայրենիքում, որն ի դեպ «լավ» կառավարման ու չափից դուրս «շքեղ» կյանքի շնորհիվ օր օրի դատարկվում է, այլ ներդրում է կատարում ոչ ավել, ոչ պակաս Պրահայում։ Սա մի հարց է, որը բազմաթիվ «ինչու»-ներ ու «ինչպես»-ներ է պարունակում: Միգուցե պաշտոնյան պարզապես չի ցանկանում այստեղ ներդրում կատարել` քաջ գիտակցելով, որ Հայաստանում արդեն մնացել են օլիգարխները, որոնք սեփական բիզնեսներն են յոլա տանում և ապրուստի միջոցը դեռ մի կերպ հայթայթողները, իսկ միգուցե նա վստահություն չունի կառավարման համակարգի նկատմամբ ու մտավախություն ունի, որ մի գեղեցիկ օր կզրկվի իր բիզնեսից:
Ո՞վ գիտե, միգուցե...