Ոստիկանության Կենտրոնական բաժնում անցկացրած մի քանի ժամը` նոր բացահայտումների պատճառ
ОбществоՍուրբ Սարգիս եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպը մեծ արձագանք է գտել համացանցում: Իսկապես, շատերի համար հասկանալի չէ, թե ինչպես կարող է հասարակական վայրում սեքսով զբաղվողներին կարգի հրավիրողները հանկարծ հայտվեն ոստիկանության բաժնում:
ORER.am-ը փորձեց Ոստիկանությունից պարզաբանում ստանալ այս դեպքի մանրամասների մասին, որը, սակայն, դեռ չի հաջողվել: Այնուամենայնիվ, այն չի կարող անուշադրության մատնվել և պաշտոնական աղբյուրից անպայման կփորձենք ճշտել, թե նման դեպքերում ո՞վ է արժանի պատասխանատվության ենթարկվել` փողոցում բոլորի աչքի առջև սեքսով զբաղվողնե՞րը, թե՞ նրանց կարգի հրավիրողները:
Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցների աշխատանքին, ապա պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ օրերս առիթ եմ ունեցել անձամբ ականատես լինել, թե ինչ օպերատիվությամբ են արձագանքում քաղաքացու բողոքին և ինչպես են կարողանում հաշված ժամերի ընթացքում վերացնել միջադեպերի արդյունքում ծագած անհարթություններն ու դրա հետևանքները:
Խնդիրն այն է, որ օրեր առաջ խմբագրություն էր դիմել մի կին, որը թյուրիամացաբար իրեն պատկանող ապրանքն այլ տաքսու էր տվել, որ հասցնեն Սյունիքի մարզ: Բեռը տաքսու մեջ տեղավորելուց և գումարը տալուց հետո, երբ արդեն տաքսին լքել էր վայրը, մեզ դիմած կինը պարզել էր, որ իր բեռը բոլորովին այլ տաքսու վարորդի է տվել:
Ասել է, թե 120 հազար դրամ արժողությամբ ապրանքն ուղևորվել էր անհայտ ուղղությամբ: Կնոջն օգնելու նպատակով նրա հետ միասին գնացինք Ոստիկանության Կենտրոնական բաժին` դեպքի մասին պատմելու և կորցրած ապրանքը գտնելու ակնկալիքով: Անկեղծ ասած, հոգու խորքում հույս էլ չկար, որ հնարավոր կլինի այն վերադարձնել: Բայց պատկերացրեք, որ հաշված ժամերի ընթացքում բաժնի Քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ալիկ Հակոբյանի քրտնաջան և օպերատիվ աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ թե´ տաքսու վարորդին գտնել, թե´ կորցրած ապրանքն ամբողջությամբ հետ ստանալ:
Ոստիկանության Կենտրոնական բաժնում անցկացրած ողջ ընթացքում դիտորդի կարգավիճակով հետևում էի նաև կնոջ գործին առնչվող այլ աշխատակիցների աշխատանքին նույնպես: Պետք է խոստովանեմ, որ հաճելիորեն զարմացած էի թե՛ ոստիկանների թե՛ վերաբերմունքից, թե՛ ուշադրությունից: Նույնիսկ մի պահ ինձ թվաց, թե հայտնվել եմ եվրոպական զարգացած երկրի ոստիկանությունում:
Այդքանից հետո մնում է միայն շնորհակալություն հայտնել մայրաքաղաքի Կենտրոնական բաժնի բոլոր աշխատակիցներին: Ինչ խոսք, դեռևս դժվար է ասել, որ համակարգում թերություններ այլևս չկան, բայց մեր աչքով տեսածը հույս է ներշնչում, որ նման տեմպերով զարգանալու դեպքում մեր ոստիկանությունը կարող է դառնալ այնքան պրոֆեսիոնալ, որքան բոլորս ենք ուզում և երազում:
Այդ ճանապարհին Ոստիկանությանը միայն քննադատել պետք չէ, այլ պետք է դրական քայլերի դեպքում շնորհակալություն հայտնել ողջ համակարգի աշխատակիցներին, իսկ վատը մատնացույց անելը նույնպես պետք է օգտակար լինի ոստիկանության համակարգի առողջացման համար, քանի որ ինչքան շուտ համակարգը թոթափի սխալներն ու մեծ-մեծ քայլերով առաջ շարժվի, այնքան լավ ու օգտակար կլինի հասարակության և յուրաքանչյուրիս անվտանգ ու ապահով ապագայի համար:
Արմինե Գրիգորյան