Հիմնանորոգվում է Դդմաշենի մանկապարտեզը
ОбществоԳեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի մանկապարտեզը 25 տարվա ընդմիջումից հետո կվերաբացվի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Դդմաշենի գյուղապետ Ավետիս Ավետիսյանը, այս տարվա մայիսից «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի կողմից տրամադրված մոտ 64 միլիոն դրամի հաշվին սկսվել եւ ընթանում են Դդմաշենի մանկապարտեզի առաջին մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները, որոնց ավարտի ժամկետ է սահմանված մինչեւ այս տարվա նոյեմբերի 15-ը: Մանկապարտեզի հիմնանորոգումն սկսվել է 2011 թվականին, ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցների հաշվին: «2011 թվականին ՀՀ կառավարության հրատապ ծրագրերով մեր մանկապարտեզի հիմնանորոգման համար հատկացվել է 20 միլիոն դրամ, 2012 թվականին՝ եւս 40 միլիոն: Այդ միջոցներով ամբողջությամբ նորոգել ենք տանիքը, երկրորդ մասնաշենքը, միջանցքները, խոհանոցը, ճաշարանը, պահեստային մասը, տեղադրել նոր եւրապատուհաններ եւ դռներ, կառուցել ջեռուցման համակարգը: Միջոցների անբավարարության պատճառով առաջին մասնաշենքը եւ կոյուղագիծը չհասցրինք հիմնանորոգել, ըստ այդմ էլ չկարողացանք վերագործարկել մանկապարտեզը: Այս տարվա մայիսից դրանք արդեն գտնված են, եւ շինարարությունն ընթանում է ամբողջ թափով ու ծավալով»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը: Այս տարի հատկացված 64 միլիոն դրամի շրջանակում նախատեսվում է ամբողջությամբ հիմնանորոգել առաջին մասնաշենքը՝ կատարելով նաեւ ամրացման աշխատանքներ, իրականացնել ներսի եւ դրսի հարդարման աշխատանքներ, վերականգնել կոյուղագիծը: Գույքի ձեռքբերումը եւս ապահովվելու է «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի կողմից:
«Այս պահին մենք արդեն ցուցակագրում ենք նախադպրոցական տարիքի երեխաներին, ընտրում մանկապարտեզի աշխատակազմը, ամեն կերպ նախապատրաստվում, որ շինարարական աշխատանքների ավարտից հետո, վերջապես, մեր մանկապարտեզն իր դռները բացի երեխաների առաջ»,-ներկայացրեց Ավետիս Ավետիսյանը: Գյուղապետի հավաստմամբ՝ արդեն ցուցակագրվել են նախադպրոցական տարիքի 90 երեխա, որոնք կհաճախեն տարիքային 4 խմբերում: Տարեկան Դդմաշենում գրանցվում է ավելի քան 30 ծնունդ:
Խոսրով Խլղաթյան