Օլիմպիական խաղերի երկու մեդալակիրներ այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
ОбществоՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն օգոստոսի 29-ին ընդունել է օգոստոսի 5-ից 21-ը Բրազիլիայում անցկացված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ՝ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանին և ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանին՝ ուղեկցությամբ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գևորգյանի և Հայաստանի ըմբշամարտի ֆե դերացիայի փոխնախագահ Արսեն Բադլյանի:
Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Ս.Էջմիածնի պաշտոնական կայքը, որի հաղորդագրության մեջ նշված է. «Հանդիպմանը Սրբազան Հայրը մեդալակիր մարզիկներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու շնորհավորանքները՝ օլիմպիական խաղերում բարձր ցուցանիշներ արձանագրելու առիթով: Դիվանապետ Սրբազանը, անդրադարձ կատարելով Օլիմպիական խաղերի արդյունքներին, վստահություն հայտնեց, որ մեդալա կիրներն իրենց հաղթական ոգով օրինակ կծառայեն երիտասարդ սերնդի համար:
Նա նաև կարևորեց այն իրողությունը, որ հայ մարզիկներն իրենց հաջողություններով օգտակար նպաստ են բերում հայ ժողովրդին՝ սպորտի միջոցով ճանաչեցնելով Հայաստանը ողջ աշխարհին:
Մրցանակակիր մարզիկները խորին շնորհակալություն հայտնեցին ընդունելության և, մասնավորապես, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից հայ մարզիկների նկատմամբ մշտապես ցուցաբերվող ուշադրության համար: Նրանք վստահեցրին, որ Ս. Էջմիածնի օրհնությունն ավելի մեծ ուժ կհաղորդի իրենց` հետագայում ևս հաջողությամբ հանդես գալու տարբեր սպորտային հարթակներում և նոր հաղթանակներ նվաճելու:
Վերջում Տ.Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հաջողություններ մաղթեց օլիմպիականներին` միշտ բարձր պահելու Հայաստանի մարզական պատիվը»: