«Ֆրեսկո» միջազգային փառատոնի մասնակիցները ստացան իրենց մրցանակները
Культура«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի ունեցավ ամփոփիչ մամուլի ասուլիս: Ծրագրի պատասխանատուները ներկայացրեցին մրցանակակիր ֆիլմերը և հանձնեցին մրցանակները:
«Փառատոնն արդի արվեստի միջոցով քարոզում է մարդկային բարձր արժեքներ:«Ֆրեսկո»-ն հնարավորություն է տալիս անդրադառնա լ տարբեր սոցիալական խմբերին և ցույց տալ, որ բոլորս հավասար ենք: Հաշմանդամություն ունեցող խմբերը փառատոնի ընթացքում կարող են ինտեգրվել, անել ավելին, քան մենք սպասում էինք»,- նշեց փառատոնի կազմակերպիչ Աննա Կարապետյանը:
Արդեն երրորդ տարին է, որ փառատոնի մրցանակները` ձուկ պատկերող հուշանվերները, պատրաստում են Խարբերդի մանկատան երեխաները:
Փառատոնի մասնակից Ղևոնդ վարդապետն Հովհաննսիյանն ասաց, որ «Ֆրեսկո»-ն իր համար կայացած փառատոն է: Այն ոչ միայն ֆիլմերի ցուցադրություն է իրականացնում, այլև այլազգի հյուրերին է ներկայացնում հայ մշակույթը, քրիստոնեությունը: Չնայած աշխարհում տեղի ունեցող պատերազմներին, մարդիկ ֆիլմեր են նկարում և դրանց միջոցով պատգամ ուղղում հասարակությանը: «Ֆրեսկո»-ն այդ պատգամը տեղ հասցնելու հիանալի հարթակ է:
Ռուսաստանը ներկայացնող Անաստասիա Գերասյուկն ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է գալ Հայաստան, ծանոթանալ հայ արվեստին, դառնալ մրցույթի մի մասը:
«Փառատոնում ներկայացված ֆիլմերն ունեն խորը ասելիք: Դրանք հասնում են հոգուն: Փառատոնի դրական կողմերից մեկն այն էր, որ բացօթյա ցուցադրություններ էին իրականացվում: Պատահական անցորդներն էլ ունեին հնարավորություն առընչվելու այս գեղեցիկ տոնին: Ներկայացված ֆիլերը ստիպում են արժևորել կյանքը, վերանայել անցած ուղին. դրանք աշխարհն ավելի լավն են դարձնում»,-ասաց «Խիո» ֆիլմի բեմադրիչ-օպերատոր Դավիթ Այվազյանը:
Մրցանակներ շնորհվեցին կարճամետրաժ, լիամետրաժ վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի հեղինակներին:
Ներկայացնում ենք մրցանակակիր ֆիլմերի ցանկը`
Լավագույն ուղերձ «Սեր»
«Եվ կրկեսը ժամանեց» - Գուժ Թադևոսյան, Հայաստան, «Խիո» - Լիլիթ Մովսիսյան, Հայաստան, «Վանիլ» - Խուան Բեիրո, Իսպանիա
Լավագույն ուղերձ «Քաջություն»
«Գողը» - Մուհամեդ ֆարահանի, Իրան
Լավագույն ուղերձ «Հավատ»
«Ընտրյալները» - Նատալյա Բելյաևա, Ուկրաինա, Ռուսաստան
Լավագույն ուղերձ «Մարդասիրություն»
«Լարեր» - Պեդրո Սոլիս Գարսիա, Իսպանիա
Լավագույն ուղերձ «Խաղաղություն»
«Չսովորած դասը 14/41» - Նինա Վեդմիցկայա, Ռուսաստան
Լավագույն ուղերձ «Զղջում»
«Վերջին հանգրվանը» - Վիկտոյա Կոզելցովա, Ռուսաստան
Լավագույն ուղերձ «Քաջություն»
«Տրամվայ մինչև ատրակցիոնների զբոսայգի» - Եվգենի Լալաև, Անաստասիա Գերասյուկ, Ռուսաստան
Լավագույն ուղերձ «Հույս»
«Մինչև վերջ» - Ուիլիամ Էգիենտա, Ֆրանսիա
Փառատոնի հատուկ մրցանակ խաղաղություն և սեր սփռելու համար
Ղևոնդ Վարդապետ Հովհաննիսյան
Փառատոնի հատուկ մրցանակ մարդասիրություն սերմանելու համար
Դմիտրի Բրիկման:
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնն այս տարի անցկացվեց օգոստոսի 19-29-ը: Փառատոնի ֆիլմացանկում ներառված էր 22 երկրից 76 կինոժապավեն: