Դդմաշենում աջակցում են նորածինների եւ մահացածների ընտանիքներին, ուսանողներին
ОбществоԳեղարքունիքի մարզի Դդմաշենի գյուղապետարանը տեղական միջոցների հաշվին սոցիալական աջակցություն է ցուցաբերում համայնքի նորածին երեխաների, մահացածների ընտանիքներին եւ սոցիալապես անապահով խմբի ուսանողներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Դդմաշենի գյուղապետ Ավետիս Ավետիսյանը, այս տարի Դդմաշենում գրանցվել է 22 ծնունդ, որոնց ընտանիքները ստացել են 40-հազարական դրամ: 50-հազարական դրամ են ստացել մահացածների 27 ընտանիքներ: 200-հազարական դրամ հատկացվել է սոցիալապես անապահով ընտանիքների 25 ուսանող երեխաների:
«Տարեկան մենք ունենում ենք մինչեւ 30-35 ծնունդ եւ գրեթե նույնքան էլ մահ, որոնց ընտանիքներին տալիս ենք ավագանու որոշմամբ հաստատված գումարը՝ 40-հազարական դրամ ծնունդների եւ 50-հազարական դրամ՝ մահերի դեպքում: Աջակցում ենք նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների ուսանող երեխաներին, որպեսզի ուսման վարձը չվճարելու պատճառով ընդունակ, սովորելու ձգտում ունեցող երեխաները բարձրագույն կամ մասնագիտական կրթությունից դուրս չմնան»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան