Սոթքում կհավաքվի մինչեւ 4 հազար տոննա հացահատիկ, 12 հազար տոննա կարտոֆիլ
ЭкономикаԳեղարքունիքի մարզի Սոթք գյուղում բարձր բերքատվությամբ ավարտին է մոտենում հացահատիկի բերքահավաքը. օգոստոսի վերջին օրվա դրությամբ արդեն հնձվում են հացահատիկի արտերի վերջին հեկտարները:
Ինչպես տեղեկացրեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը, ցանված 610 հեկտար աշնանացան ցորենի եւ 630 հեկտար գարնանացան գարու արտերից հավաքվել է մոտ 1200 տոննա գարու եւ 1800 տոննա ցորենի բերք:
«Ցորենի ցանքսերի 1 հեկտարից միջինը ստացել ենք 2,5-3, գարու ցանքսերի 1 հեկտարից՝ մինչեւ 2-2,5 տոննա բերք: Ցորենի առանձին դաշտեր, որտեղ կատարվել է ցանքաշրջանառություն, ապահովել են մինչեւ 5-6 տոննա ցորեն: Բարձր բերքատվություն է ստացվում նաեւ կարտոֆիլի ցանքերից, որոնք կազմում են մոտ 300 հեկտար: Մեկ հեկտարից սպասում ենք մինչեւ 40 տոննա կարտոֆիլի բերք, ինչը նույնպես գյուղացուն գոհացնող արդյունք է:
Հացահատիկի ավելցուկ մասը տնտեսությունները տեղում վաճառում են 90-100 դրամ արժեքով: Կարտոֆիլի գները եւս շուկան է թելադրում, թեեւ բերքի առատությունն արդեն իսկ հուշում է, որ գներն այս տարի համեմատաբար էժան կլինեն: Իհարկե, կարտոֆիլի, առհասարակ գյուղմթերքների գները պետք է ոչ միայն շահավետ լինեն արտադրողի, այլ նաեւ՝ սպառողի համար: Կարծում եմ, որ երկուստեք շահավետ միջին գինը կարող է համարվել 120-130 դրամը»-նշեց Սոթքի գյուղապետը:
Ըստ Կոլիկ Շահսուվարյանի՝ բարձր բերք են ապահովել նաեւ ցանովի կերային մշակաբույսերը, որոնք կազմել են մոտ 410 հեկտար: Միայն ցանովի խոտհարքներից Սոթքի տնտեսությունները կուտակել են մոտ 80 հազար հակ կորնգան ու առվույտ, որը կազմում է մոտ 1600 տոննա անասնակեր, իսկ բնական խոտհարքներում այս օրերին շարունակվում է անասնակերի բերքահավաքը:
«Նախորդ տարի անասնակերը չափազանց պակաս էր ստացվել, ինչի հետեւանքով տնտեսությունները հարկադրված եղան որոշակիորեն կրճատել անասնագլխաքանակը: Թե խոշոր, թե մանր եղջերավորների մոտ գլխաքանակի անկումը նկատելի է, սակայն այս տարի առատ անասնակերը մեզ հնարավորություն կտա ոչ միայն ապահովել անասունների ձմեռացումը, այլ նաեւ աշխատել գլխաքանակի նկատի ավելացման ուղղությամբ»-հավաստեց Կոլիկ Շահսուվարյանը:
Այժմ Սոթքի տնտեսություններում հաշվառվել է 689 գլուխ խոշոր, 1250 գլուխ մանր եղջերավոր անասուն: