Արդեն նշմարվում են Նոյեմբերյանի ֆավորիտ թեկնածուները
АналитикаՆախնական ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ սեպտեմբերի 18-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին թեժ պայքար է սպասվում նաև Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքային համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ: Առաջադրված յոթ թեկնածուների թվում, բացի գործող համայնքի ղեկավար Վանուշ Ամիրաղյանից, ինքնաառաջադրվել են նաև Բարեկամավան և Ոսկեպար համայնքների ղեկավարներ Գարիկը Աբազյան և Երվանդ Եգանյանը, ինչպես նաև Կարեն Աբազյանը, Սերյոժա Ամիրաղյանը, Արթուր Անանյանը և Գարիկ Փիրումյանը:
Այս պահի դրությամբ թեկնածուներից ոչ ոք դեռևս չի հանել իր թեկնածությունը, սակայն, ինչպես ցույց տվեցին մեր հարցումները, վերոնշյալ թեկնածուներից ակնհայտ ֆավորիտների թվում է Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամ, Տավուշի մարզի ԵԿՄ վարչության փոխնախագահ, գործարար Արթուր Անանյանը: Մարզում նա հայտնի է որպես ազատամարտի մասնակից, ով 1990-ական թվականների պատերազմի տարիներին մասնակցել է ազատագրական մարտերի Ոսկեպարից մինչև Բերդավան, ինչպես նաև այլ բնակավայրերի ազատագրմանը: Ներկայումս նա գործարար է և բարձր հեղինակություն է վայելում նոյեմբերյանցիների շրջանում: Անանյանը տարածաշրջանի բազմաթիվ ենթակառուցվածքներում աջակցության ծրագրեր է իրականացրել, ինչպես նաև նպաստել սահմանային դիրքերի ամրացման աշխատանքներին:
Orer.am-ն ուշադիր հետևում է ոչ միայն այս տարածաշրջանի, այլև սեպտեմբերի 18-ին կայանալիք մյուս համայնքների ՏԻՄ ընտրությունների ընթացքին նույնպես, սակայն, նախնական կանխատեսումների համաձայն, Նոյեմբերյան համայնքում կոշտ պայքար է սպասվում` պայմանավորված նաև այն հանգամանքով, որ մի քանի ամիս առաջ համայնքների խոշորացման ծրագրով Նոյեմբերյանին միացան մի շարք համայնքներ, այդ թվում` Բարեկամավան ու Ոսկեպար համայնքները, որոնց ղեկավարները նույնպես պայքարելու են Նոյեմբերյան քաղաքային համայնքի ղեկավարի աթոռի համար:
Ա. Գրիգորյան