ԼՂՀ օմբուդսմենը հայտարարել է դպրոցական շարադրությունների մրցույթ
ОбществоՍեպտեմբերի 1-ին` գիտելիքի եւ դպրության օրը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը այցելել է Շուշիի Խ.Աբովյանի անվան միջնակարգ հոսքային դպրոց եւ ավագ դասարանների աշակերտների համար անցկացրել է բաց դաս` «Արցախի անկախության 25-ամյակը եւ մարդու հիմնարար իրավունքները» թեմայով:
Շնորհավորելով տոների առթիվ` Պաշտպանը կարեւորել է գիտելիքներ ստանալու մոտիվացիան եւ կոչ արել ձեռքբերածով երբեք չբավարարվել: Պաշտպանն ընդգծել է, որ Արցախի քաղաքացիների նոր սերունդը պետք է միշտ հիշի այն զրկանքները, որոնց գիտակցաբար գնացել է 25 տարի առաջ Անկախությունը հռչակած եւ պաշտպանած ավագ սերունդը, եւ որ եկել է նոր սերնդի հերթը սեփական աշխատանքով ամրապնդելու հայրենի պետականությունը: Այնուհետեւ Ռ.Մելիքյանը խոսել է մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների, Արցախում դրանց պաշտպանվածության վիճակի, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղղությամբ Պաշտպանի գործունեության մասին: Պաշտպանը նշել է, որ մարդու իրավունքները արդյունավետ պաշտպանելու համար, նախ, պետք է գիտակցել դրանց կարեւորությունը` որպես պետականակերտ գործոն, իսկ որպես իրավունքի ոլորտում հանրային գիտակցության իր պատկերացրած ուղենիշ` համարել է այն վիճակը, երբ յուրաքանչյուր քաղաքացու համար մյուս քաղաքացիների իրավունքների նկատմամբ հարգանքը նույնքան կարեւոր է, որքան սեփական իրավունքների նկատմամբ հարգանքը: Պաշտպանը ներկաներին կոչ է արել մտածել այդ ուղղությամբ եւ հետեւություններ կատարել:
Հանդիպման ավարտին Ռ.Մելիքյանը հայտարարել է դպրոցական շարադրությունների մրցույթ` «Ինչու՞ են մարդու իրավունքները կարեւոր» խորագրով, որին կարող են մասնակցել Արցախի միջնակարգ դպրոցների ավագ դասարանների եւ ավագ դպրոցների բոլոր աշակերտները: Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են 2016թ. դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների միջազգային օրը: Շարադրությունները կգնահատվեն մրցութային հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկվելու են Արցախի, Հայաստանի եւ Սփյուռքի հանրային գործիչներ, իսկ հանձնաժողովը նախագահելու է Արցախի մարդու իրավունքների առաջին պաշտպան Յու.Հայրապետյանը: Օմբուդսմենը հավելել է, որ շարադրությունները գնահատելիս կարեւորվելու են մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքները, ստեղծագործական մոտեցումը, շարադրանքի անմիջականությունն ու տրամաբանականությունը, ինչպես նաեւ աշխատանքի ինքնուրույնությունը, իսկ լավագույն շարադրությունների համար սահմանվելու են արժեքավոր մրցանակներ: Աշխատանքները կարող են էլեկտրոնային կամ թղթային ձեւով ներկայացվել ԼՂՀ ՄԻՊ աշխատակազմ` մինչեւ նոյեմբերի 1-ը, իսկ մրցույթի անցկացման մյուս պայմանները կհրապարակվեն լրացուցիչ: