Երևանում բացվեց նկարիչ Մհեր Ստեփանյանի անհատական ցուցահանդեսը
КультураՆկարիչների միությունում տեղի ունեցավ նկարիչ Մհեր Ստեփանյանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին:
«Մհերն ունի լուրջ ակադեմիական գիտելիքներ, հարուստ փորձ և ասելիք: Նա իր նկարներում մի ամբողջ երևակայական աշխարհ է ներկայացնում և, որպես դասախոս, իր փորձն է փոխանցում ուսանողներին»,- նշեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Նկարիչների միությունում ջերմ մթնոլորտ էր: Գեղանկարչի գործընկերներն իրենց բարեմաղթանքներն էին ուղղում Մհեր Ստեփանյանին և հույս հայտնում, որ նման ցուցահանդեսները շարունակական կլինեն:
Նկարիչների միության նախագահի խոսքով՝ յուրաքանչյուր նկարչի համար ցուցահանդես բացելը հաշվետվություն է, որտեղ նա ներկայացնում է անցած տարիներից մինչև հիմա ունեցած խոհերի, հույզերի արդյունքում ստեղծած նկարները: Մհերը հրաշալի և տաղանդավոր նկարիչ է, որի ստեղծագործական աշխարհագրությունը հասնում է գեղանկարից մինչև դեկորատիվ կոմպոզիցիոն դիմանկարների աշխարհը: Անթերի մաքրություն կա նրա նկարներում:
«Վաղուց էի ցանկանում նման ցուցահանդես իրականացնել: Ուզում էի «Սասնա ծռեր» խորագրով ցուցահանդես բացել, սակայն ապրիլյան դեպքերից հետո միտքս փոխեցի: Ներկայացրել եմ տարբեր նկարներ` և՛ լավատեսական նոտայով, և՛ տխուր: Նկարները կյանքիս տարբեր փուլերում են արված»,-ասաց գեղանկարիչ Մհեր Ստեփանյանը:
Ցուցահանդեսում ներկայացված նկարների միջոցով նկարիչը ցանկանում է հանդուրժողականություն սերմանել մարդկանց մեջ: Նա կարծում է, որ հասարակության պառակտումը կարող է մեծ խնդիրների առաջ կանգնեցնել մեզ, ուստի պետք է մեկ բռունցք դառնալ երկրի առջև ծառացած դժվարությունները հաղթահարելու համար:
Միջոցառումն ունի բարեգործական բնույթ: Նկարների վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի Թալիշ գյուղին: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 10-ը: