Վարդենիկում եւ Ներքին Գետաշենում ուսումնական տարին դիմավորում են հիմնանորոգված մարզադահլիճներով
ОбществоԳեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի թիվ 2 միջնակարգ եւ Վարդենիկի թիվ 1 հիմնական դպրոցների աշակերտներն այս ուսումնական տարվա սկզբից ֆիզկուլտուրայի դասերը կանցկացնեն վերանորոգված մարզադահլիճներում:
Դրանք վերանորոգվել են «Սեյվ դը չիլդրեն» կազմակեպության ֆինանսավորմամբ, համայնքապետարանների եւ դպրոցների կողմից կատարված մասնակի ներդրումներով: Նույն կազմակերպությունը հոգացել է նաեւ դահլիճները անհրաժեշտ մարզական գույքով եւ մարզվելու այլ պարագաներով ապահովելու խնդիրը:
«Ամբողջովին փոխվել են հատակները, դռներն ու պատուհանները, տրամադրել ենք սպորտային գույք: Վերանորոգումից բացի, մարզադահլիճներին կից կառուցել ենք տղաների եւ աղջիկների հանդերձարաններ եւ սանհանգույցներ, եւ, հուսով եմ, որ երեխաներն ունեն լիարժեք վայր իրենց ֆիզկուլտուրայի դասերն անցկացնելու ամար, որը նաեւ առողջության ամենամեծ գրավականն է» -իր խոսքում նշեց «Սեյվ դը չիլդրեն» կազմակեպության ծրագրերի իրականացման ղեկավար Իռեն Սարգսյանը:
Ըստ դպրոցների տնօրենների՝ երկար տարիներ այս դպրոցներում ֆիզկուլտուրայի դասաժամերն անցկացվել են դպրոցամերձ խաղահրապարակներում, իսկ ձմռան ամիսներին՝ դասասենյակներում, ուստի վերանորոգված մարզադահլիճները պարզապես հաճելի նվեր են երկու դպրոցների 776 աշակերտների համար, ովքեր տարվա բոլոր եղանակներին կարող են մարզվել լավագույն պայմաններում:
Ներքին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Ասյա Շառոյանի հավաստմամբ՝ ինքն իր 46-ամյա աշխատանքային կենսագրության ընթացքում դեռեւս նման բարվոք ու հագեցած պայմաններում ֆիզկուլտուրա չի դասավանդել: «Մեծագույն երազանք էր նորմալ մարզադահլիճ ունենալը: Ինչո՞ւ ոչ, այս դահլիճներում կանցկացվեն նաեւ արտաժամյա պարապմունքներ, եւ մարզադահլիճները կաշխատեն ծանրաբեռնված գրաֆիկով՝ ծառայելով ոչ միայն դպրոցին, այլ նաեւ՝ համայնքին»,- հավաստեցին Ներքին Գետաշենի թիվ 2 եւ Վարդենիկի թիվ 1 հիմնական դպրոցներÕ « տնօրենները: Վերանորոգված մարզադահլիճների բացման հանդիսավոր արարողություններն ուղեկցվեցին տոնական միջոցառումներով եւ դպրոցականների ուժերով կազմակերպված համերգային ծրագրով: