«Ռուսաստանի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակում Երևանում տեղի ունեցավ գալա համերգ
Культура«Ռուսաստանի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակում Արամ Խաչատրյան համերգասրահում սեպտեմբերի 3-ին տեղի ունեցավ գալա համերգ:
Համերգի ընթացքում ելույթ ունեցան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Օտրադա» մենաստանի աղջիկների մանկատան երգչախումբը, պետական ակադեմիական Մարինյան թատրոնի մեներգիչնե րը և այլ կատարողներ:
«Այս օրերն առանձնանում են նրանով, որ ընդգրկում են բոլոր մշակութային ոլորտները: Տարվա ընթացքում Հայաստան եկան այնպիսի հայտնի վիրտուոզներ, ինչպիսիք են՝ Վլադիմիր Սպիվակովը, Բորիս Էյֆմանը և այլք: Կարծում եմ՝ հայ-ռուսական մշակութային հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում, իսկ հանրությունը մեծ օգուտ է քաղում դրանից»,- նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Համերգին ներկա էին նաև ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Սերգեյ Օբրիվալին:
ՀՀ մշակույթի փոխնախարարի խոսքով այս համագործակցությունն արդեն ավանդույթ է դարձել: Ծրագիրն ընդգրկում է բազմաթիվ միջոցառումներ, որոնք հնարավորություն են տալիս առնչվել ռուսական մշակույթին, ծանոթանալ տաղանդավոր և շնորհալի ստեղծագործողների հետ:
Դահլիճը լի էր և՛ հայ, և՛ ռուս երաժշտասերներով, որոնք բուռն արձագանքում էին բոլոր երաժիշտների կատարումներին:
«Առաջիկա օրերին մենք ռուսական ֆիլմերի օրեր կանցկացնենք: Կներկայացվեն ռուս դասականների, ինչպես նաև վերջին տարիներին նկարահանված ֆիլմեր:
Կարծում եմ, որ նմանատիպ միջոցառումներն ամրապնդում են մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները»,- ընդգծեց ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Սերգեյ Օբրիվալին:
Ռուսաստանի օրերը Հայաստանում ծրագրի շրջանակում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում: Ծրագիրը մեկնարկել է օգոստոսի 20-ից: Այն կտևի մինչև սեպտեմբերի 18-ը: