Ռոբերտ Լևանդովսկին ԱԱ-2018-ի ընտրական E խմբում շատ ոչ ոքիներ է կանխատեսում
СпортՖուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի մրցակից Լեհաստանի հավաքականի ավագ Ռոբերտ Լեւանդովսկին մեկնաբանել է Ղազախստանի հետ մարտական ոչ ոքին առաջին տուրի խաղում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Sportowefakty-ն,Ռոբերտ Լևանդովսկին կարծիք է հայտնել, որ E խմբում ոչ ոքիներ շատ են լինելու: «Մենք հաղթում էինք 2:0 հաշվով եւ վերահսկում խաղը, սակայն երկրորդ խաղակեսում ամեն ինչ փոխվեց: Մրցակիցը սկսեց ճնշում գործադրել, և մենք խուճապի մատնվեցինք: Ցավալի է կերցնել միավորներ: Այսպիսի խաղերում հաղթանակը կարող է քայլ առաջ լինել: Կարծում եմ՝ այս խմբում ոչ ոքիներ շատ կլինեն: Այստեղ մենք իմացանք, որ ոչինչ չի ներվելու: Մեզ մոտ վստահություն կար, որ հաղթելու ենք առանց խնդիրների: Սառը ցնցուղն ուշքի կբերի մեզ»,- ասել է լեհ հարձակվողը:
Նա նշել է, որ խաղն այնքան էլ բարդ չի եղել, սակայն նկատել է, որ մրցակիցը շատ է խախտել կանոնները: «Մենք էլ կորցրեցինք կենտրոնացվածությունը և պատժվեցինք դրա համար: Այժմ պետք է կենտրոնանանք ոչ թե 100 տոկոսով, այլ՝ 110: Հուսով եմ՝ այս 2 միավորների կորուստը կկարողանանք փոխհատուցել հաջորդ խաղերում»,- եզրափակել է Լևանդովսկին:
Սեպտեմբերի 4-ին Աստանայում կայացած խաղում Լեհաստանի հավաքականն առաջին խաղակեսից հետո հաղթում էր 0-2 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստները կարողացան երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը և խաղն ավարտել ոչ ոքի հաշվով: E խմբի մյուս խաղերում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով պարտվել է Դանիայի հավաքականին, իսկ Ռումինիան սեփական հարկի տակ 1-1 հաշվով է ավարտել Մոնտենեգրոյի ազգային թիմի հետ հանդիպումը: