Հոգեբուժական խնդիրներ ունեցող մոտ 300 քաղաքացի անվճար հատկացվող դեղամիջոցների շնորհիվ բուժում է ստացել
ОбществоՀամաշխարհային հոգեբուժական ասոցիացիան սեպտեմբերի 5-ը հայտարարել է մտային խնդիրների համաշխարհային օր:
Սեպտեմբերի 5-ին օրվա առնչությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ, Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թոր ոսյանը նշեց, որ Հայաստանում հոգեբուժական կադրերի խիստ կարիք:
Նա ցավով փաստեց, որ հոգեբանները, սոցիալական աշխատողները փոքրաթիվ են և դժկամությամբ են ներկայանում ծառայության: Շարունակելով հոգեբուժական ծառայությունների խնդիրների թեման` Թորոսյանը հավելեց, որ լուրջ կարիք կա հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայությունների վերանայման ու հագեցվածության համար: ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժի կարծիքով` 2004 թվականին ընդունված հոգեբուժության մասին օրենքը կարիք ունի խմբագրման:
«Դրականը նա է, որ մեր մոտ հիվանդներն ապահովված են ժամանակակից դեղամիջոցներով: Նրանք անվճար ստանում են այդ դեղամիջոցները: Շատ ուրախալի է, որ կառավարությունը, ընդառաջ գնալով մեր հիվանդների պահանջներին, արդեն երկրորդ տարին է արտադրողից գնելով դեղամիջոցը, ծրագրի շրջանակներում անվճար տրամադրում է այն հիվանդներին: Մոտ 300 մարդ ստանում են այդ բուժումը»,- ասաց նա:
Նրա ներկայացմամբ` ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող հաշվառված հիվանդների թիվը 50 հազարից մի փոքր ավելի է, սակայն այդ թիվը իրատեսական չէ, քանի որ դրանք այն մարդիկ են, ովքեր առնչվել են ծառայության հետ: «Կան շատ մարդիկ ովքեր հոգեկան առողջության խնդիրներ ունեն, սակայն մեր տեսադաշտից դուրս են»,- նկատեց ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը:
ՀՀԱ պատասխանատու քարտուղար, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանի խոսքով` հոգեկան առողջության խնդիրները մի տեսակ անուշադրության են մատնվել: «Մեր երկրում հոգեկան առողջության ծառայությունները դեռ չեն հասել այն մակարդակին, որը բոլոր համայնքներում լինեն: Շատ շրջաններում հոգեբուժներ չկան, նրանց պարտականությոնները իրականացնում են նյարդաբանները: Հիվանդների հոգեկան վիճակը կարգավորելուց հետո ամենամեծ խնդիրներից մեկը նա է, որ շատ մեծ դժվարությամբ են աշխատանք գտնում»,- նշեց մասնագետը:
Գասպարյանը շեշտեց, որ մարդիկ բուժումն ստանալուց հետո բախվում են նաև կրթության, սեփականության իրավունքների որտնահարման հետ:
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի ֆինանսների քարտուղար Արմեն Սողոյանն իր հերթին նշեց, որ ոլորտում ակտիվ քայլեր են կատարվել: Նա տեղեկացրեց, որ Առողջապահության նախարարությունը համաշխարհային բանկի վարկային ծրագիր է պատրաստել և ներկայացրել կառավարությանը:
«Վերջին 25 տարում որևէ կապիտալ ներդրում չի իրականացվել հոգեբուժական ծառայություններում, և, բնական է, որ այն ֆիզիկապես և բարոյահոգեբանորեն մաշվել է: Դրա պատճառով է նաև, որ կադրերը չեն ուզում աշխատել: Ներդրումների արդյունքում կլուծվեն մի շարք խնդիրներ` սարքավորումներ, շենքային պայմաններ և կադրեր»,- ասաց նա` հավելելով, որ այժմ ոլորտում աշխատողների համար աշխատավարձը ցածր չէ, սակայն այլ պայմանները գրավիչ չեն երիտասարդ մասնագետների համար:
Նրա խոսքով` սարքավորումները, շենքային պայմանները տեսնելիս երիտասարդները չեն ուզում աշխատել:
Սողոյանի ներկայացմամբ` անկախությունից ի վեր ոլորտում որոշակի ակտիվությանը նպաստել է նաև Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի գործունեությունը Հայաստանում: