ՀՕՖ-ը վերակառուցել է Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մանկապարտեզը
ОбществоԵրեխաների ուրախ երգ ու պարով եւ ծնողների ու աշխատակիցների երախտագիտության խոսքերի ուղեկցությամբ սեպտեմբերի 6-ին պաշտոնապես բացվել է Տավուշի մարզի Այգեձոր գյուղի՝ հիմնովին վերակառուցված մանկապարտեզը:
Այս մասին տեղեկացրին Հայ օգնության ֆոնդի հայաստանյան գրասենյակից` հավելելով. «Նախակրթարանը նորոգվել ու ամբողջությամբ համալրվել է նոր գույքով Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ)` «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի (ԱՀՏՄ) շրջանակներում եւ Focus on Children Now բարեգործական կազմակերպության նվիրատվությամբ, ինչի շնորհիվ այս տարի նրանց սաների թիվն ավելացել է 10-ով։
2013-ին մեկնարկած ԱՀՏՄ բազմաբաղադրիչ 5-ամյա ծրագիրը մեծ ուշադրություն է դարձնում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի կրթական, առողջապահական, սոցիալական ու տնտեսական զարգացմանը, այդ թվում եւ երեխաների ապագայի համար այսօր ներդրումներ անելով: Ծրագրի հովանավորը «Մարդիգյան ընտանիք» հիմնադրամն է:
Այգեձորի մանկապարտեզը նաեւ ընդգրկված է ծրագրի՝ մանկապարտեզներին տրամադրվող սննդի միջոցով թերսնման դեմ պայքարի ծրագրում, որը նպատակ ունի երեխաներին անհրաժեշտ վիտամիններով ու նյութերով հարուստ սնունդով ապահովելու միջոցով հաղթահարել թերսնումը:
Այս տարի ԱՀՏՄ ծրագրի շրջանակներում վերանորոգման տարաբնույթ աշխատանքներ են իրականացվել Բերդի տարածաշրջանի 9 դպրոցներում։ Այսօր պաշտոնապես բացվեցին նաեւ Այգեձոր գյուղի ու Բերդի թիվ 3 միջնակարգ դպրոցի ամբողջությամբ հիմնանորոգված մարզադահլիճները եւ Բերդի վարժարանի նորակառույց մարզահրապարակն ու հանդերձարանը։
5-ամյա ծրագրի կրթական ու առողջապահական բաղադրիչների շրջանակներում արդեն ավելի քան 30 դպրոց ու մանկապարտեզ է աջակցություն ստացել ու շարունակում ստանալ»: