Մենք ունենք նախնական պայմանավորվածություններ սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում ներդրումներ անելու համար.Կարեն Աբազյան
ИнтервьюՏավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում նախընտրական արշավն ընթանում է բավական հանգիստ, առանց որեւէ ավելորդության ու լարումների, այս մասին Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց թեկնածու Կարեն Աբազյանը. '' Մեզանից յուրաքանչյուրը զբաղված է իր գործով, որեւէ անձնական խնդիր չկա, իրար չենք վիրավորում, իրար վրա ցեխ չենք շպրտում: Ամեն ինչ ընթանում է իր հունով: Սա պայքար է ու ով ինչպես կարողանում պայքարում է հաղթանակելու համար'':
Ինչ վերաբերվում է ժողովրդի՝ դեպի ընտրությունները հետաքրքրությանը ու ակտիվ ներգրավվածությանը, ըստ Կ. Աբազյանի, հանդիպումներն անց են կացվում ակտիվ քննարկումների շրջանակներում. ''Հանդիպում ենք ժողովրդի հետ, լսում ենք նրանց հետաքրքրող հարցերը: Ընդհանուր առմամբ հարցերն ավելի շատ հանրապետական մասշտաբի են, դրանցից է սահմանի խնդիրը, մարդիկ մտածում են, որ երբ համայնքը խոշորանա` գյուղերն անուշադրության կմատնվեն: Մենք, իհարկե, փորձում ենք մարդկանց վստահեցնել, որ իրականում նման բան գոյություն չունի, կարեւորը աշխատանքն է: Մարդկանց անհանգստացնում է նաեւ սահմանամերձ տարածքներում գտնվող հողերի հարցը, մարդիկ չեն կարողանում մշակել իրենց հողերը: Խոսվում է նաեւ սոցիալական վիճակից'':
Պարոն Աբազյանը նշեց, որ բնակիչների համար անհանգստության առարկա է նաեւ աշխատանքի ու զբաղվածության խնդիրը, սակայն թեկնածուն իր ծրագրերում նախատեսել է հարցի լուծման իրատեսական տարբերակները.''Աշխատատեղեր ստեղծելու վերաբերյալ իմ ու իմ թիմի կողմից նախատեսված են որոշակի քայլեր: Ներդրումներ կատարելու հետ կապված մենք փորձելու ենք ներգրավել երկրից դուրս գտնվող մեր ընկերներին: Այսօրվա դրությամբ մարդիկ խուսափում են սահմանամերձ տարածքում ներդրումներ կատարել, սակայն պետք է նշեմ, որ մենք արդեն իսկ ունենք նախնական պայմանավորվածություններ մեր ընկերների հետ: Գործի հաջող ավարտի դեպքում կստեղծվեն աշխատատեղեր'':
Սոսե Չանդոյան