Հյուսիսային պողոտայի 6-րդ շենքի բնակիչների համբերության բաժակը լցվել է. նրանք կդիմեն դատարան. տեսանյութ
ОбществоՀյուսիսային պողոտայի 6-րդ շենքի բնակիչները հայցով կդիմեն դատարան՝ պաշտպանելու սեփական իրավունքները: Այս մասին ORER.am-ի հետ զրույցի ժամանակ հայտնեցին շենքի բնակիչները, որոնք արդեն քանի օր է՝ զրկված են տաք ջուր ունենալու հնարավորությունից:
Խնդրի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար թերեւս ներկայացնենք նախապատմությունը:
Հյուսիսային պոտողայի 6-րդ շենքը կառուցվել է 2003 թվականին «Նոր Դայլենդ» ընկերության կողմից, իսկ շահագործման է հանձնվել 2005-ին: Նշված ընկերությունը լոտը շահելուց հետո պետության առաջ պարտավորություն է ունեցել բազմաբնակարանային շենք կառուցել՝ իր բոլոր հարմարություններով:
Գնորդներին շահագրգռելու համար Newyerevan.am կայքով նշված ընկերությունը բաց, միեւնույն ժամանակ գայթակղիչ առաջարկ-հայտարարություններ է արել` նշելով կառուցվող շենքի հարմարավետ բոլոր միջոցները, դրանք են՝ գեղեցիկ բակը, ջրհորը, ժամանակակից վերելակները եւ այլ պայմաններ:
Նշենք, որ առուվաճառքի պայմանագրի կարեւոր կետերից մեկն էլ եղել է «Նոր Դայլենդի» կողմից համատիրություն գրանցելը, որի մեջ բնակիչների անդամությունը պարտադիր պայման պետք է լիներ:
Թեպետ պայմանագրում համատիրություն կազմելը պարտադիր պայման է եղել, այնուամենայնիվ, նշված ընկերությունը հնարավորինս ձգձգել է գործընթացը՝ կարծես խուսափելով իր պարտականությունների կատարումից: Բազում «տուրուդմփոցներից» ու «քաշքշուկներից» հետո բնակիչներին հաջողվել է հասնել իրենց նպատակին եւ ստեղծել համատիրություն, որից հետո իրար հետևից սկսվել են բարձրաձայնվել բնակիչներին հուզող բոլոր հարցերն ու խնդիրները:
Բողոքի ալիքը, ինչ խոսք, դուր չի եկել «Նոր Դայլենդի» տնօրինությանը, վերջիններս հնարավորինս խուսափել են անդրադառնալ ծառացած խնդիրներին, ուր մնաց ՝ լսել:
Հետաքրքրական է, բայց փաստ, որ որոշ ժամանակ անց բնակիչների բողոքներն անտեսող ընկերությունը, որը տասնյակ միլիոնավոր արժողությամբ շենքեր է կառուցում, սնանկանում է: Բնակիչների պնդմամբ՝ «Նոր Դայլենդի» պարտատերերը, որոնք դարձել են «կրախի» հիմնական պատճառը, տվյալ ընկերության թաքնված սեփականատերերն են: Այսպես, խոշոր շրջանառություն ունեցող ընկերությունը սնանկանում է, վերջինիս գույքը գնում է NA641 energy transfer անվանմամբ ընկերությունը, որն էլ բախտի բերմամբ, թե պատահմամբ, հսկայական գույքը ձեռք է բերում 3 մլն ՀՀ դրամով:
Դառնալով Հյուսիսային պողոտայի 6-րդ շենքի կաթսայանոցի սեփականատերը՝ նոր տնօրինությունը բնակիչների հետ սկսում է խոսել պարտադրանքի լեզվով: Վերջինս թելադրում է իրեն ձեռնտու խաղի կանոնները ու պահանջում յուրաքանչյուր բնակարանից ամսական 25 հազար ՀՀ դրամ, որին էլ պետք է գումարվի ծախսված ջրի խորանարդի գումարը: Թելադրվող պայմանները, մեղմ ասած, բնակիչների սրտով չեն: Մարդիկ չեն հասկանում, թե ինչու պետք է ամառվա տապին զրկվեն տաք ջուր ունենալու եւ հիգիենայի պահպանման տարրական միջոցից այն պարագայում, երբ պարտաճանաչ կերպով վճարում են ամսական վճարներ, չունեն պարտքեր ու դա էլ դեռ քիչ է, ամենաբարձր սակագինն են վճարում:
Անմարդկային կենցաղային պայմաններում հայտնված «էլիտար» շենքի բնակիչները պնդում են, որ բազմիցս փորձել են հանդիպել նոր սեփականատիրոջ հետ, սակայն վերջինս իրեն պահում է «չափազանց» անհասանելի, դեռ մի բան էլ ավելի: Համատիրությունն իրենով արած սեփականատերը տվյալ կառույցի միջոցով «սպառնում» է իր կողմից թելադրվող պայմանները չկատարելու դեպքում անջատել նաեւ սառը ջուրը:
Հյուսիսային պողոտայի բնակիչների վիճակն այս պահին նախանձելի չէ, բայց առավել նախանձելի չէ նոր սեփականատիրոջ վիճակը, ով, հայտնվելով ճիշտ ժամանակին ճիշտ վայրում, «գռփող ու թալանչի» քաղաքականություն վարելով փորձում է միանգամից հարստանալ ու «զոռբայությամբ» միլիոններ կուտակել:
Մանրամասները՝ տեսանյութում: