Հ. Աբրահամյանի հրաժարականի դրամատիկ տողատակերը
АналитикаՀովիկ Աբրահամյանի հրաժարականի շուրջ խոսակցություններն արդեն երկար ժամանակ է, ինչ թև էին առել ու անժամկետ սավառնում էին, սակայն այն մի տեսակ անիրականանալի էր թվում: Նա բազմիցս առիթ էր ունեցել ապացուցել, որ քաղաքական դաշտում երբեք էլ ժամանակավոր կամ ժամանակավրեպ ֆիգուր չէ և բացի այդ՝ մշտապես որոշակի կշիռ ունեցող գործիչ է եղել ոչ միայն ներկայիս, այլև նախորդ նախագահի պաշտոնավարման տարիներին: Ուստի հենց դա էր պատճառը, որ Հ. Աբրահամյանի` վարչապետի պաշտոնից հրաժարական տալը որոշ առումով անհավանական էր թվում:
Խոսելով նրա հրաժարականի մասին` նշենք նաև, որ առաջին անգամ չէ, որ նա հրաժարվում է իր զբաղեցրած պաշտոնից: Նախորդ համապետական ընտրություններից մոտ 6 ամիս առաջ նա կրկին հրաժարական տվեց ԱԺ նախագահի պաշտոնից, սակայն անմիջապես էլ հայտարարեց, որ այդ քայլին գնացել է ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու, ասել է, թե ՀՀԿ-ի համար նոր հաղթաթղթերի փաթեթ «բերելու» համար:
Այդ էր գուցե պատճառը, որ այդ ժամանակ նրա հրաժարականն այդքան դրամատիկ չընկալվեց քաղաքական գործիչների ու սեփական կուսակիցների կողմից, ինչպես հիմա:
Ընդգծենք, որ նրա պաշտոնավարման տարիները, որքան էլ առանձնացան քաղաքական, տնտեսական վայրիվերումներով ու աղմկահարույց բացահայտումներով, բայց համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում նրան հաջողվեց որոշակի տնտեսական աճ ապահովել, կանխել դրամի արժեզրկումը և այլն:
Այդ բարդ ժամանակահատվածում Հայաստանը թերևս ամենաանցնցումը կարողացավ ապահովել ազգային արժույթ - արտարժույթ հարաբերությունը, ինչը կանխեց աղետալի գնաճը, որը եղավ հարևան Վրաստանում և Ադրբեջանում:
Վրաստանում ստեղծված ֆինանսական ճգնաժամին ժամանակին արձագանքեց նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով պաշտոնից հեռանալուց հետո կուլիսների հետևից հետևում է Վրաստանում ընթացող զարգացումներին: Վրացական արժույթի արժեզրկման առնչությամբ Վրաստանի նախկին վարչապետը լարիի կուրսի նվազումը պայմանավորել է արտաքին աշխարհում տեղի ունեցող տնտեսական և քաղաքական զարգացումներով և ցնցումներով՝ ընգծելով, որ խնդիրը չի առնչվում միայն Վրաստանին, այլ նմանատիպ իրավիճակում են հայտնվել օրինակ հարևան Հայաստանը և այլ երկրներ, սակայն հայերը Իվանիշվիլիի կարծիքով կարողացել են իրավիճակը կայունացնելու ճիշտ քաղաքականություն իրականացնել, ինչն, ըստ էության, թերի են կատարում վրացի պաշտոնյաները:
Ինչևէ, այսօր ունենք այն, ինչ ունեք, այլևս անիմաստ է անցյալը վերլուծել և լրացուցիչ քարեր նետել նրա ուղղությամբ, առավել ևս, որ նա այլևս պաշտոնապես լիազորություն չունի այս կամ այն հարցը լուծելու համար: Այն, որ այս հրաժարականը դեռևս երկար ժամանակ կշարունակի մնալ լրատվական հոսքերում քննարկվող թիվ մեկ լուրը, միանշանակ է, քանի որ, ամենայն հավանականությամբ, կամաց-կամաց ջրի երես կսկսեն դուրս գալ այն իրական դրդապատճառները, որոնց հետևանքով վարչապետը լքեց զբաղեցրած պաշտոնը:
Ըստ որոշ կանխատեսումների` Հ. Աբրահամյանը դժվար թե երկար ժամանակ առանց պաշտոնի մնա, քանի որ նրա տեսակը և հատկապես իր՝ մարդկանց համախմբելու ֆանտաստիկ ունակություններն ամենայն հավանականությամբ դեռ շատ պետք կգան ոչ միայն ՀՀԿ-ականներին, այլև երկրի ղեկավարին: Իսկ առայժմ կարելի է ասել, որ նա հնարավորություն ունի «թայմ աութի» պայմաններում արժևորել անցյալն ու վերադասավորել իր քաղաքական ապագան, քանի որ առանց բազմահմուտ Արգամիչի և նրա հսկայական ռեսուրսի հանրապետականները հազիվ թե կարողանան դուրս գալ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների տակից:
Արմինե Գրիգորյան