Ինձ կանչեցին Ադամի աչքերը. զոհված հերոսի դասասենյակն անվանակոչած Ադրինե Բանդարյան (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Նպատակասլաց կին առաջնորդներն օրեցօր ավելանում են։ Լոս Անջելեսում բնակվող Ադրինե Բանդարյանը նրանցից մեկն է։ 33 տարեկանում նրան արդեն հաջողվել է դառնալ Լոս Անջելեսի Երիտասարդական Հանրություն և Հիմնադրամ (YSF) կազմակերպության ատենապետուհի։ Ադրինեն ներկայումս աշխատում է ԱՄՆ Գործատուների Փոխհատուցման Ապահովագրական Ընկերությունում (Employers Compensation Insurance Company)՝ կազմակերպության քաղաքականության և սոց.հայցերի վերահսկիչ և ստորաբաժանման ղեկավար:

Սփյուռքահայ երիտասարդ բարերար Ադրինե Բանդարյանը, ով 26 տարի է՝ բնակվում է ԱՄՆ-ում, Հայաստանում մի շարք ծրագրեր է իրականացնում։ Նա ապրիլյան հերոսամարտերում զոհված Ադամ Սահակյանի անվան դասարանի վերանորոգման ու անվանակոչման նախաձեռնողն է։

Այս օրերին Ադրինեն Երեւանում է. երեկ հայ երիտասարդների համար նա հանդես եկավ «Առաջնորդություն» թեմայով սեմինարով։

Wnews.am-ին տված հարցազրույցում Ադրինեն պատմեց հաջողության հասնելու իր բանաձեւի եւ առաջիկա ծրագրերի մասին։
-Ադրինե, կպատմե՞ք, թե ինչ ծրագրեր եք իրականացնում Հայաստանում։
-Վեց տարի շարունակ այցելում եմ Հայաստան եւ փորձում եմ իմ գործունեությամբ օգտակար լինել մեր երկրին։ Համագործակցում եմ «Պետական գործիչների երիտասարդական դպրոց» կազմակերպության հետ հիմնականում ուսումնական ծրագրերով։ Այս կազմակերպության հետ մենք սկսում ենք աշխատել ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մարզերում։ Ունենք շատ նախագծեր ապագայի համար։

-Վերջերս Ձեր նախաձեռնությամբ թիվ 114 դպրոցի դասարաններից մեկը վերանորոգվեց եւ անվանակոչվեց ապրիլյան հերոսամարտերում զոհված Ադամ Սահակյանի անվամբ։ Ինչպե՞ս ծագեց այդ գաղափարը։
-Այո, այդ որոշումը կայացրինք «Պետական գործիչների երիտասարդական դպրոց»-ի անդամների հետ։ Ես հանդիպեցի Ադամ Սահակյանի ծնողներին, կիսում եմ իրենց ցավը։ Կարծում եմ՝ բոլորիս է ցնցել զինվորների մահը, Ադամի աչքերն ինձ կանչեցին, որոշեցի չնչին ձեւով իմ ներդրումն ունենալ եւ վառ պահել նրա հիշատակը։



-Ի՞նչն է Ձեզ դուր գալիս Երեւանում։
-Հայաստանի գրեթե բոլոր քաղաքաներն էլ սիրում եմ։ Շատ եմ ցանկանում լինել Արցախում, սիրում եմ Տաթեւը։ Սիրում եմ Հայաստանը, բնությունը, մարդկանց։
-Ձեր դիտարկմամբ՝ ինչո՞վ են տարբերվում ԱՄՆ-ում եւ Հայաստանում բնակվող երիտասարդները։
-Կարծում եմ՝ կան երկու տիպի երիտասարդներ՝ հատկապես հայերի մեջ։ Հայաստանի երիտասարդներն ավելի եռանդուն են, ինչը չէի ասի ԱՄՆ-ում բնակվողների մասին։ Հայաստանի երիտասարդներն ավելի ակտիվ են, եռանդուն, բանիմաց։ Ես նրանցից ավելի շատ բան եմ սովորում։

-Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա երիտասարդ առաջնորդը։
-Նախ պետք է սիրի աշխատանքը, ունենա սեր գիտելիքների հանդեպ, լինի նպատակասլաց։ Պետք է կարողանա նոր գիտելիքներ քաղել յուրաքանչյուրից։
-Ովքե՞ր են Ձեզ աջակցել հաջողությունների հասնելու հարցում։
-Ինձ միշտ քաջալերել են իմ ծնողները, որոնց շատ երախտապարտ եմ։ Նրանք դերձակ են եւ ունեն իրենց բիզնեսն այդ ոլորտում։ Ինձ շատ են աջակցել նաեւ քույրս ու եղբայրս, գործընկերներս։ Ներկայումս ինձ շատ է աջակցում նաեւ մտերիմ ընկեր Գեւորգ Մանուկյանը։
-Ո՞րն է այժմ Ձեր գերնպատակը։
-Իմ ամենամեծ նպատակը առաջիկա երկու տարում Հայաստանում մշտական բնակություն հաստատելն է։ Ես պատրաստ եմ թողնել ամեն ինչ, գալ եւ ապրել Հայաստանում։ Բոլորին կոչ եմ անում՝ եկեք տուն, գտեք Ձեր սիրած նախագիծը եւ զբաղվեք դրանով։ Չեմ հավատում, որ նման հնարավորություն չեք ունենա։
