Դեսպան Եսայանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ
ОбществоՀՀ անկախության հռչակման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Սանկտ Պետերբուրգի ՀԱՊԿ խորհրդարանական կենտրոնում սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի հանդիպումը ՌԴ Լենինգրադի մարզի և Սանկտ Պետերբուրգի հայ համայնքային կառույցների ղեկավարների և անվանի ներկայացուցիչների հետ:
Այս մասին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայո ւթյունից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. « ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում տեղի ունեցած հանդիպմանը դեսպան Եսայանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանի՝ անկախության տարիների առանցքային ձեռքբերումներին, հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների արդի փուլին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին և ՀՀ արտաքին քաղաքականության այլ առաջնահերթ հարցերին:
Իր ելույթում դեսպան Եսայանն ընդգծել է նաև հայ համայնքի դերակատարության կարևորությունը՝ հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման և խորացման գործում, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ անկախության տարիներին Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած աջակցության և Հայրենիքի հետ կապի ամրապնդման գործում շարունակական ջանքերի ներդրման համար:
Հանդիպմանը քննարկվել են նաև Լենինգրադի մարզի և Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի գործունեությանն առնչվող տարաբնույթ հարցեր: Միջոցառման ավարտին դեսպան Օ.Եսայանը պատասխանել է ներկաների հարցերին»: