Արծվիկ Մինասյանը վստահեցնում է, որ մենաշնորհների դեմ պայքարի արդյունքներն առաջիկայում կերևան
ЭкономикаՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը վստահեցնում է, որ հանրությունն առաջիկայում կզգա մենաշնորհների դեմ պայքարի արդյունքները: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ պետք չէ սպասել, որ հասարակության մեջ երկար ժամանակ արմատացած մոտեցումները կարելի է մեկ օրում, մեկ ժամում, մեկ գրիչի հարվածով վերացնել:
«Դա գործընթաց է, որը պետք է լինի հիմնավոր, առարկայական, պետք է հարիր լինի շուկայական հարաբերություններին: Դրա համար մեծածախ և մանրածախ առևտրի տարանջատումը կամ խոշոր տնտեսվարող սուբյեկտներին որոշակի շուկայական կանոնների պարտադրանքը պետք է դառնա նորմ, որը կախված չի լինի այս կամ այն անձի կամ գերատեսչության քմահաճույքից: Այն պետք է աշխատող մեխանիզմ լինի»,- նշեց Մինասյանը:
Նա հավելեց, որ կառավարությունը հենց այդպիսի մեխանիզմի նախագծման վերջնական փուլում է:
«Երբ մենք կավարտենք աշխատանքները, դուք կտեսնեք, որ այդ մեխանիզմը շատ լավ աշխատում է:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ մենաշնորհների ու գերիշխող դիրք ունեցողների հարցում պետք է հետևեն սահմանադրական նորմերին:
«Իսկ Սահմանադրությունը պահանջում է այն, ինչի մասին նաև երեկ վարչապետը խոսեց՝ բնականոն ընթացքով գերիշխող դիրք ունենալը որևէ ձևով դատապարտելի չէ, սակայն ցանկացած սուբյեկտ, որը շուկայում սկսում է նվաճման դիրքեր, դա պետք է ամբողջովին համապատասխանի օրենքի կանոններին:
Իսկ նրանք, ովքեր այսօր փաստացի գերիշխող դիրք ունեն, նրանց համար պետք է սահմանվեն խաղի կանոններ, որոնք չպետք է թույլ տան գերիշխող դիրքի թեկուզ կարճաժ ամկետ չարաշահում»,- մանրամասնեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը: