Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ հեռուստաէկրաններից արդեն հայտնի դարձած անձանց մասնակցությամբ նկարահանված «Սուպեր մամա» կատակերգության պրեմիերան: Գլխավոր դերակատարը ֆիլմի պրոդյուսեր Հայկ Մարությանն է, ում խոսքով` ֆիլմն իր մեջ պարունակում է դրամայի տարրեր, կա նաև սիրո պատմություն. «Այստեղ խաղում եմ երկու կերպար՝ տղամարդու և կնոջ, որոնք միմյանցից լիովին տարբեր են»: Ֆիլմը մի տղամարդու մասին է, ով տարբեր ճանապարհներով կարողանում է գումար աշխատել,սակայն մի օր բոլոր դռները փակվում են: Հենց այդ ժամանակ նա տեսնում է մի հայտարարություն, որտեղ գրված է լինում, որ ինչ-որ բարեգործական կազմակերպություն միայնակ մայրերին տուն և գումար է տրամադրում, որպեսզի երեխաներին խնամեն: Գլխավոր հերոսը կերպարանափոխվում է և այդտեղից սկսվում է իրադարձությունների անսպասելի զարգացումը: Կատակերգությունը երջանիկ ավարտ ունի:
Ֆիմլը ցուցադրվելու է ոչ միայն Երևանում, այլ բոլոր մարզերում, իսկ տոմսերի գները համապատասխանեցվելու է տվյալ մարզի սոցիալական կարգավիճակին: Ֆիլմում նկարահանվել է Հայկոն, Գարիկ Պապոյանը, Լևոն Հարությունյանը, Անի Խաչիկյանը, Արմինե Պողոսյանը Արման Մարտիրոսյանը, , Անդրանիկ Հարությունյանը և ուրիշներ: Ֆիլմի բյուջեն կազմում է 250 հազար ԱՄՆ դոլար: Ֆիլմի ավարտին երկարատև հնչող ծափահարություններից հետո Հայկոն ասաց.«Հավերժ են հումորը, սերը և Սյունիքի մարզպետը»: