Իսկ Կարեն Կարապետյանը երբևէ մոնիթորինգ իրականացրե՞լ է, թե գազի կորուստներն ինչպես են հաշվարկվում
АналитикаՉնայած ՀՀ գազամատակարարման համակարգի շուրջ բարձրացված աղմուկից հետո ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձևավորվեց և գիշեր-ցերեկ աշխատելով 80 էջանոց եզրակացություն հրապարակվեց, բայց այն այդպես էլ ոչ ոքի ուշադրությանը չարժանացավ:
Հիշեցնենք, որ հարցի ուսումնասիրության ավարտից հետո այդ կապակցությամբ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր, որ անցած տարիների ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ընկերության կուտակած 300 միլիոն դոլարի պարտքը և պետական 20 տոկոս բաժնեմասի վաճառքն անգամ իրականացվել էր ՀՀ Սահմանադրության և համապատասխան օրենքների խախտումներով:
«Ովքեր ուշադիր ընթերցել են այս փաստաթուղթն ամբողջությամբ, կարող են ինձ հետ համաձայնել, որ այդ փաստաթուղթը կարելի է ուղարկել համապատասխան մարմիններ, այսինքն՝ դատախազություն, որտեղ կան քրեական լուրջ ծավալներ ունեցող փաստեր»,- ասել էր պատգամավորը:
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ նույն հարցի վերաբերյալ կարծիք էր հայտնել, թե ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բնակիչներին մատակարարվող գազի սակագնի հաշվարկման ճիշտ մեթոդիկա ընտրված չէ։
«Այն եզրակացությունը, որը ներկայացրեց ժամանակավոր հանձնաժողովը, կարելի է ասել, հաղորդում էր տարբեր չարաշահումների և խախտումների վերաբերյալ, որը պետք է արժանանա իրավապահների ուշադրությանը»,- հայտարարել էր նա:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ այդ առիթով ասել էր, որ բավական ծավալուն աշխատանք է արված, որն այդպես թողնել չի կարելի: Այն պետք է շարունակական լինի, իսկ հանրապետականը՝ հետևողական:
Սակայն մինչ օրս ո՛չ իշխող կուսակցությունը, ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ առավել ևս «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն այդպես էլ չհիմնավորեց, թե գազի մատակարարման ոլորտում առկա կորուստներն ինչ հիմնավորումներ ունեն:
Ի դեպ, որպես ի գիտություն նշենք, որ գազը պայթյունավտանգ վառելիք է, ուստի դրա տեղափոխումը պետք է 100 տոկոսով հերմետիկ լինի, իսկ կորուստներն այստեղ պետք է բացառվեն, բայց կորուստների այն ծավալը, որը ներկայացվում է թե՛ նշված փաստաթղթում, թե՛ տարեկան հաշվետվություններում, այնքան ահռելի են՝ տարեկան մոտ 100 մլն խորանարդ մետր, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ Հայաստանի ցանկացած վայրում օդում կրակայրիչ վառելուց անգամ կարող է հրդեհ բռնկվել:
Ուշագրավ է նաև այն, որ գազամատակարարման համակարգի գործունեության հարցն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողվի նախագահ Վ. Այվազյանը նույնպես իր ելույթում անդրադարձել էր գազի կորուտների չհիմնավորված լինելուն:
Հիմա հարց է ծագում, թե նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, եթե այս կամ այն ընկերության հաջողությունների կամ հակառակի մասին տեղեկանալու համար նախարարներին հորդորում է մոնիթորինգ իրականացնել, իր հարազատ գազի ոլորտում երբևէ որևէ հարցի ու հատկապես կորուստների մասով մոնիթորինգ իրականացրե՞լ է, քանի որ դրանք իրականում միլոնավոր դոլարներ են կազմում ու հետո կոտրվում են բնակիչների գլխին:
Կամ երբևէ մոնիթորինգ իրականացրե՞լ է, թե ինչպես է պատահում, որ շահույթով աշխատող ընկերությունը հանկարծ պարտք է կուտակում և այդ պարտքի դիմաց երկրի կառավարությունն է վճարում և այլն:
Ի դեպ, այս հարցին պատասխանելիս լավ կլիներ, որ մեր նորանշանակ ու հարգարժան վարչապետն իր մտքերը լակոնիկ ձևակերպելու վրա առանձնապես ժամանակ չծախսեր, քանի որ ժողովրդին այս հարցերի վերաբերյալ առավելագույնս հիմնավորված և ոչ թե լղոզված պատասխաններ են պետք:
Արմինե Գրիգորյան