Գրաֆիկայի և քանդակի հանրապետական ցուցահանդեսը նվիրված է ՀՀ անկախության 25 ամյակին
КультураՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, Հայաստանի նկարիչների միության, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի նկարիչների միությունում սեպտեմբերի 16-ին բացվել է ավանդույթ դարձած գրաֆիկական աշխատանքների և քանդակների հանրապետական ցուցահանդեսը, որը նվիրված էր ՀՀ անկախության 25 ամյակին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Միջոցառմանը ներկա էին ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, արվեստագետներ և բազմաթիվ արվեստասերներ:
Ներկաներին շնորհավորելով ազատ, անկախ Հայաստանի Հանրապետության 25- ամյակի առթիվ՝ նա մասնավորապես նշեց. «Հարգելի՛ ներկաներ, ուրախ եմ, որ հավաքվել ենք ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված այս ցուցահանդեսի բացմանը: Կարծում եմ՝ 25 տարիների կարևորագույն ձեռքբերումներից է նաև մեր նկարչական արվեստի աներկբա զարգացումը: Այսօր մենք վստահաբար կարող ենք ասել, որ Հայոց անկախ Հանրապետությունը ունի նկարիչների հզոր բանակ:
Շնորհակալություն եմ ուզում հայտնել Ռուսաստանի հայերի միությանը, Համաշխարհային հայկական կոնգրեսին՝ ցուցահանդեսի կազմակերպմանը ցուցաբերած գործուն աջակցության համար: Նախարարությունը մշտապես և շատ ակտիվ գործակցում է համահայկական կառույցների, կազմակերպությունների հետ՝ հայապահպան և համազգային ծրագրերը կյանքի կոչելու նպատակով:
Հայկական սփյուռքին ոգևորում, նոր լիցքեր են հաղորդում համատեղ կազմակերպած մրցույթները, մրցանակաբաշխություններն ու ցուցահանդեսները: Բարի՛ երթ այս գեղեցիկ ցուցահանդեսին»:
Այնուհետև ցուցահանդեսի մասնակիցները շրջել են միության առաջին և երկրորդ հարկերի ցուցասրահներում, որտեղ ցուցադրված է միության անդամների շուրջ 200 աշխատանք: