Հայաստանում հուշարձանների համար մի քանի լեզվով հատուկ վահանակներ կստեղծվեն
КультураՀայաստանում «Պահպանվում է պետության կողմից» գրառմամբ հատուկ նշանակություն ունեցող հուշարձանների համար նախատեսված վահանակներ կստեղծվեն: Այս և սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարության նիստում հաստատված ծրագրի մասին լրագրողների հետ զրուցեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը: «Վահանակների վրա տվյալ հուշարձանի մասին մի քանի լեզվով կարճ տեղեկություն կլինի: Իսկ կառավարության նիստում հաստատված Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման, հանրահռչակման 2016-2020թթ. ռազմավարությունը հնարավորություն կտա լուծել և՛ հասարակության, և՛ նախարարությունների կողմից առաջ քաշված մի շարք խնդիրներ»,- Արմենպրեսի փոխանցմամբ՝ նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:
Ռազմավարության նպատակն է գնահատել ու արժևորել մշակութային ժառանգությունը, այն օգտագործել որպես երկրի կայուն զարգացման ներուժ՝ նոր տնտեսական և սոցիալ-քաղաքական պայմաններում:
Ծրագրի շրջանակում հստակեցվելու են տարբեր սուբյեկտների՝ կառավարության, պետական լիազոր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պարտավորությունները, լիազորությունները: Հստակեցվելու են հուշարձաններին վնաս հասցնելու դեպքում սահմանված տույժերը, սահմանվելու են պեղումներ իրականացնելու հետ կապված ընթացակարգեր:
Տեղակալի խոսքով՝ կընդունվի հնագիտության զարգացման ծրագիրը, որն արդեն պատրաստ է, սակայն սպասվում է ընթացակարգի ընդունումը: «Այն նույնպես մի քանի տարվա համար է նախատեսված և բաղկացած կլինի կրթական, հանրահռչակման և այլ բաժիններից»,-ասաց Սամուելյանը և հավելեց, որ պատմամշակութային կոթողների պահպանության գործում մեծ դեր է խաղում հասարակության կրթվածությունը և արժեքային համակարգը:
ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստվում է նաև հուշարձանների կադաստրավորման հետ կապված ծրագիր իրականացնել:
Ծրագրի համակատարողներն են ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ քաղաքաշինության նախարարությունները, ինչպես նաև ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն: