Դաշտավանում Բնապահպանության նախարարության որոշման հետևանքով 100 տնտեսություն մնացել է առանց ջրի. գյուղացիները փակել են ճանապարհը, ԲՆ-ն էլ հեռացրել է սարքը
Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակչներին զայրացրել է Բնապահպանության նախարարության որոշումը, ըստ որի` փոքր քանակությամբ ձուկ բուծող մասնավոր ձկնատերերից մեկի հողամասում տեղակայված հորից խողովակն այսօր առավոտյան ապամոնտաժվել է, ինչի հետևանքով շուրջ 100 տնտեսություն մնացել է առանց ջրի, որովհետև այդ խողովակը նրանց ջուր ստանալու միակ աղբյուրն է հանդիսանում: Այս մասին ORER.am-ի հետ զրույցում ասաց Դաշտավանի գյուղապետ Սերյոժա Խաչատրյանը: Գյուղապետը տեղեկացրեց, որ գյուղացիները փակել են Մասիս-Էջմիածին ճանապարհը, ինչից հետո Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանն ու նախարարության այլ ներկայացուցիչներ ջուրը փակող սարքավորումը հեռացրել են, գյուղացիներն էլ բացել են ճանապարհը: Հարցին, թե ի՞նչն է նախարարության նման որոշում կայացնելու պատճառը` Սերյոժա Խաչատրյանը պատասխանեց. «Նրանք պնդում են, որ հորն ապօրինի է կառուցվել, սակայն հորի աշխատանքները տևել են մեկ ամիս, նախարարությունից համապատասխան թույլտվություն է բերվել, ո՞նց է` հիմա ապօրինի է, այն ժամանակ ապօրինի չէր: Կառուցման համար բոլոր փաստաթղթերը կան»: