Հայ և գերմանացի գործարարները Հայաստանում հականեխիչ նյութերի արտադրություն հիմնելու ծրագիր ունեն
ЭкономикаԱմերիկահայ ներդրող Տիգրան Պապիկյանը գերմանացի իր գործընկերոջ հետ ցանկություն ունի Հայաստանում ձեռքերն ախտահանող նյութերի արտադրություն սկսել։
Նրանք մասնակցում էին «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսին՝ ավելի լավ ճանաչելու մեր շուկան ու այստեղ գործ հիմնելու առանձնահատկությունները։
«Փաստ է, որ ձեռքերի միջոցով մանրէների փոխանցումը մահվան պատճառներից գլխավորն է հիվանդանոցներում և այլ վայրերում։ Մենք ուզում ենք Հայաստանում հիմնել հականեխիչ նյութերի արտադրություն ու բարձրացնենք գիտակցության մակարդակը, որ ձեռքերն այդ նյութերով ախտահանելն անհրաժեշտ է։ Գերմանիայում հիվանդանոցներում մանրէների փոխանցման պատճառով մահացությունը չորս անգամ ավելի է, քան վթարի հետևանքով մահերի թիվը»,- նշեց Պապիկյանը։
Նրա խոսքով՝ նշյալ ախտահանիչ նյութի հիմքում ալկոհոլն է, տեխնոլոգիական նորարարություն չկա, կարևորն ավելի շատ մարդկանց գիտակցություն ու այդ նյութի հասանելիությունն է Հայաստանում։ «Որոշել ենք սկզբում համագործակցել հիվանդանոցների հետ, այնուհետև այն վայրերի, որտեղ ժողովուրդ է հավաքվում, մանավանդ սննդի հետ կապված տեղերում, այդ թվում՝ դպրոցներում։ Ուսումնասիրությունը պարզել է, որ Անգլիայում ուսուցիչների ու երեխաների հիվանդության պատճառով միլիոնավոր դոլարների վնաս է հասցվում տնտեսությանը»,- հավելեց մեր զրուցակիցը։
Տիգրան Պապիկյանի հավաստմամբ՝ եթե ամեն բան լավ լինի և իր գերմանացի գործընկերոջ հետ կարողանան արտադրություն հիմնել, այն նոր աշխատատեղեր կստեղծի 100-150 մարդու համար։ Իսկ հաջողության հասնելու դեպքում իրենց ներդրումը կարող է հասնել մի քանի միլիոն եվրոյի։ «Իմ հետաքրքրությունը մեր երկրում ինչ-որ բան անելն է, երկրի կարողությունները զարգացնելը։ Բացի այդ, մենք կարող ենք օգտվել ԵԱՏՄ շուկայից, քանի որ Հայաստանի շուկան այդքան մեծ չէ»,- նշեց ներդրողը։
Հարցին ի պատասխան, թե ինչ է անհրաժեշտ իրենց մտադրությունը կյանքի կոչելու համար՝ Տիգրան Պապիկյանը պատասխանեց. «Այս պահին գերմանացի իմ գործընկերը՝ Հայներ Օփհարդտը, ով մի շարք եվրոպական երկրներում նշյալ արտադրությամբ է զբաղվում, վերջերս նաև Ֆիլիպիններում է գործ հիմնել, ծանոթանում է Հայաստանին, այստեղի հնարավորություններին։ Նրա կարծիքը լսելուց հետո ամեն ինչ պարզ կլինի»։