Դավիթ Լոքյանը ու ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են տարածքային զարգացման խնդիրները
ОбществоՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն և ԵՄ պատվիրակության ծրագրերի ղեկավար Մոնիկա Պապյանին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակա յնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է նման հանդիպումների նշանակությունը Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացման համար:
Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ նման հանդիպումներն արդեն իսկ լավ ազդակ են համագործակցության հետագա զարգացման:
Նա տեղեկացրել է, որ անցած շաբաթ քննարկումներ են եղել ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ, որոնց ժամանակ քննարկվել են Հայաստանին անհրաժեշտ աջակցության ուղղությունները:
Հանդիպման ժամանակ քննարկվել են համայնքների հնգամյա զարգացման ռազմավարությունների կազմման հարցը, ինչպես նաև տարածքային զարգացման խնդիրները, գործիքակազմը և իրականացման մեթոդները: Քննարկվել են նաև Եվրամիության տրամադրած դրամաշնորհների մշտադիտարկման խնդիրները և պետական վերահսկողությունը:
Կողմերն անդրադարձել են նաև Եվրամիության` զարգացմանն ուղղած աջակցության տարածքային տեղայնացմանը վերաբերող հարցերին:
Խոսելով աջակցության հնարավոր նոր գործիքների կիրառման մասին` Դավիթ Լոքյանը նշել է, որ «Միջհամայնքային միավորումների մասին ՀՀ օրենքի» ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի ստեղծել կառույցներ, որոնք կկարողանան ընդհանուր գործառույթներ իրականացնել:
Հանդիպման ավարտին կողմերը մտքեր են փոխանակել առաջիկա հանդիպումներում քննարկելիք հարցերի, ՀՀ մարզերի զարգացման ոլորտում Հայաստան- ԵՄ բազմակողմանի համագործակցության շուրջ: