Բանակին և պատերազմին անդրադարձած գրողներն արժանացան պարգևների
КультураՀայաստանի գրողների միությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ Երևանում անցկացրեց ամենամյա գրական մրցանակաբաշխություն: Մրցանակաբաշխությանը մասնակցում էին բանակի, պատերազմի թեմային անդրադարձած գրողներ՝ Հայաստանից և Արցախից:
«Ծրագիրը չի սահմանափակվում մրցանակաբաշխությամբ: Այն ներառում է տարվա ընթացքում հանդիպումներ Հայաստանի և Արցախի զորամասերում ծառայող զինվորների հետ, տարբեր միջոցառումներ»,- նշեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն ընթերցեց մրցանակաբաշխության մասնակիցներին ուղղված ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը.
«Այս միջոցառումը գեղեցիկ ավանդույթ է դառնում: Դրա միջոցով մենք արժանին ենք մատուցում հայ բազմադարյան գրականության այսօրվա մշակներին, ովքեր ստանձնել են հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորների ու հրամանատարների կերպարը ստեղծելու դժվարին հանձնարարությունը»:
Ներկայացված էր չորս անվանակարգ:
«Լավագույն պոեզիա» անվանակարգում մրցանակների արժանացան Կարինե Աշուղյանը, Ղուկաս Սիրունյանը, Նորայր Գրիգորյանը, Նոնա Պողոսյանը, Սամվել Մարգարյանը:
«Լավագույն արձակ» անվանակարգում գլխավոր մրցանակի արժանացավ Հրաչ Բեգլարյանը` «Լոխ լավա» ստեղծագործության համար: Նույն ժանրում մրցանակներ տրվեցին նաև Ժաննա Հակոբյանին, Հակոբ Հարությունին:
«Լավագույն հրապարակագրություն» ժանրում մրցանակի արժանացան Սամվել Բեգլարյանը և Ալիխան Մամեն:
«Լավագույն գրականագիտություն» ժանրում մրցանակի արժանացան Պետրոս Դեմիրճյանը և Դիանա Մայիլյանը:
«Հատուկ մրցանակ» տրվեց գեներալ-մայոր, բանաստեղծ Վարդան Ավետիսյանին: